Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Պատկեր է Արցախի Մարտունիում երթից: Քանի՞ մասնակից կմնա, եթե երթից դուրս գան երեխաները՝ պարզ չէ: Մի քանի օր անց հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության օրը: Հայաստանում և Արցախում ակնհայտորեն սրվում է երեխաներին նաև քաղաքականությունից պաշտպանելու կարիքը:
Անկասկած է, որ նրանք ունեն նաև ագրեսիվ թշնամուց պաշտպանության կարիք և շատ մեծեր կասեն, թե հենց երեխաների պաշտպանության համար են նաև «զարթեցնում Լաոյին»:
Զարթեցրեք Լաոյին, Լաոյի հետ էլ ինչ ուզում եք արեք՝ օրենքի և Սահմանադրության շրջանակում, զբաղվեք ձեր քաղաքականությամբ, առաջ տարեք ձեր մոտեցումներն ու փորձեք ստանալ ավելի ու ավելի մեծ հանրային աջակցություն, դա ձեր իրավունքն է, բայց հանգիստ թողեք երեխաներին, մի դարձրեք նրանց ձեր քաղաքական խնդիրների գործիք, միջոց, մի փորձեք ձեր խնդիրները լուծել նրանց մանկությունից դուրս բերելու և քաղաքականություն խցկելու միջոցով:
Պաշտպանեք երեխաներին, բայց առանց նրանց որպես քաղաքական «կապիտալ» շահագործելու: Կարո՞ղ եք, արեք նրանց համար լավագույնը, բայց մի փորձեք ձեզ համար լավը ստանալ նրանցով:
Այն, ինչին պետք է ներգրավել երեխաներին՝ իրենց պաշտպանության գործում մասնակցայնության տրամաբանությամբ, դա բացառապես ուսումն է, գիտելիքն է, կրթությունը: Այդտեղ է միայն, որ իրենք պետք է մասնակցեն իրենց պաշտպանությանը, երկրի պաշտպանությանը, դրանով է, որ նրանք պետք է ուժ ստանան ապագայի համար և այդ ուժը տան նաև պետությանը»։