«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Արբանյակի արձակումը հրաշալի նորություն է` առանց վերապահման։
Բայց այդ արբանյակից ստացված պատկերները պիտի վերլուծվեն ու հիմք դառնան ագրոմելիորացիայի, ջրային տնտեսության, անտառկառավարման, հողերի դեգրադացման կանխարգելման ու մի շարք այլ ոլորտներում։ Սրա համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է գեոինֆորմացիոն կրթության ապահովումը, որը, սակայն, ողբերգական վիճակում է Հայաստանում։ Որպես վիճակագրական փաստ՝ ասեմ, որ ԵՊՀ համապատասխան ամբիոնում 2018թ.-ից հետո ոչ մի թեկնածուական ատենախոսություն չի պաշտպանվել։
Նման կրթության 5 հիմնական օջախ կա Հայաստանում`
1) Պոլիտեխնիկական զույգ համալսարանները, որոնք նեղ պրոֆիլավորված են տեխնիկական բնագավառի գեոինֆորմատիկայի վրա և չեն տալու բնական գիտությունների բնագավառի անալիտիկներ։
2) Ագրարային համալսարանը, որտեղ մասնագիտացումը նոր է կայանում՝ հենց իրենց նեղ ոլորտում։
3) Ամերիկյան համալսարանը, որը բավականին հետաքրքիր արդյունքներ ունի ու, լուրջ խաղադրույքի դեպքում, կկարողանա արդյունք ապահովել, բայց կրթությունը մատչելի չի ոլորտով հետաքրքրված միջին վիճակագրական ուսանողի համար։
4) ԵՊՀ-ն, որը ունեցել է այս մասնագիտացման ավանդույթները, բայց այժմ գտնվում է մահամերձ վիճակում։
5) Մասնավոր կրթական կղզյակներ, որոնք կենտրոնացած են անձանց շուրջ։
Ըստ այդմ, հիմա շատ արագ պետք է որոշում կայացվի, թե որ բջիջի վրա է կատարվում խաղադրույքը։
Կարծում եմ՝ ամենաարդյունավետ տարբերակը կլինի ԵՊՀ-ն, վիրահատական միջամտության միջոցով, էս խնդրի լուծման համար անհրաժեշտ կադրերով ու միջոցներով ապահովելը։ Եթե սա հնարավոր չէ, հաջորդ ողջամիտ տարբերակը Ամերիկյան համալսարանի վրա խաղադրույք անելն է, բայց՝ չմոռանալով, որ այն մինչ այժմ պատրաստ չի եղել նման ծանր առաքելության, ու հիմա ահագին բան պիտի քննարկվի ու լուծվի՝ նման բեռի տակ մտնելիս։
Այս խնդիրը աչքաթող անելու դեպքում մենք ունենալու ենք պատկերներ, որոնք նախարարությունները վերլուծել չեն կարողանում, իսկ ուրիշներին մոտ չեն թողնում «գաղտնի տվյալներին»»։