Տեսակետ

Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կոռնիձոր - Հին Շեն - Մեծ Շեն - Տասը վերստ - Լիսագոր նոր կառուցվող ճանապարհը Արցախի բնակլիմայական պայմաններում թակարդ է հայերի համար: Ճանապարհն ունի հետևյալ տոպոգրաֆիական պարամետրերը՝ առավելագույն իրական թեքությունը՝ 22%, միջին թեքությունը՝ 8%, անկումը (перепад) 17,4 կմ-ի վրա՝ 868 մ։ Թեև, զուտ երկրաչափորեն, ընդամենը մոտ 3 կմ-ով է երկար ներկայիս ճանապարհից, սակայն նման տոպոգրաֆիական պայմաններում երթևեկության արագության հաշվին շեշտակիորեն ավելի մեծ տնտեսական հեռավորություն է ունենալու (իրական կյանքում ծախսվող ժամանակ): Համեմատության համար ասեմ, որ գործող ճանապարհը ընդամենը մի կարճ հատվածում ունի 17% թեքություն, իսկ մնացած տեղամասերում թեքությունները խիստ չափավոր են:
Արցախի այդ հատվածում, ուր առնվազն 450 մմ տեղումներ են լինում, նման թեքությունների պայմաններում ճանապարհների սպասարկումը լինելու է անհնարին, և, ըստ այդմ, պարբերաբար խնդիր է ծագելու նախկին ճանապարհով երթևեկելու, ինչն էլ, բնականաբար Ադրբեջանը դարձնելու է նվաստացումների և առևտրի առարկա: Փաստացի «այլընտրանքային» այս ճանապարհը ձմռան սեզոնին Արցախին զրկելու է Հայաստանի հետ կայուն, հուսալի կապից:
Դեռ չեմ խոսում այս ճանապարհի այն շարունակության մասին, որով նախատեսվում է շրջանցել նաև Շուշիի մերձակայքը:
Հիմա, այս փաստերի համադրմամբ, նորմա՞լ է արդյոք, որ հարցով զբաղվող ամենաբարձր ատյանը գյուղապետերն են: 
Կից տեղադրում եմ կառուցվող ճանապարհից մի հատվածի նկար և ճանապարհի բարձրաչափական կորը (գրաֆիկի վերևում գրված թեքության max, min ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, որովհետև կարգաբերված չեն, կարգաբերումից հետո իրական պատկերը այն է, ինչ գրել եմ՝ 22%)»: