«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Փրկիչների հավաքների առավել կարևոր բացասական կողմը հայհոյանքը չէ, բռնության նկատմամբ հանդուրժող լինելը չէ, մտքի ճգնաժամը չէ. ամենևին։ Միայն այն պատճառով, որ Արցախը փրկելու առաքելությունը ստանձնել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն, Իշխան Սաղաթելյանն ու Վանեցյանը, բազմաթիվ հայրենակիցներ դուրս չեկան փողոց։
Իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ համաձայն չեն արցախյան կարգավորման վերաբերյալ գործող իշխանության քաղաքականության հետ, բայց ոչ մի դեպքում չեն գնա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրավիրած հանրահավաքին, առավել ևս, չեն գտնվի նրանց հետ նույն հրապարակում, որովհետև համոզված են, որ հենց նրանց խղճին է և՛ պատերազմը, և՛ Արցախի կորուստը։
Այս ամենի արդյունքում ունենք մի շատ վտանգավոր իրավիճակ։ Ստացվում է, որ Հայաստանի և հայ ժողովրդի հարատևության համար կենսական կարևորության՝ արցախյան հիմնահարցի վերաբերյալ մենք չենք կարողանում անհրաժեշտ ծավալի և որակի քաղաքական պայքար գեներացնել և այդ պայքարը ի ցույց դնել միջազգային հանրությանը։ Այս իմաստով՝ իշխանություններին էլ մանևրի շատ քիչ հնարավորություն է տրվում։
Փրկիչների և, մասնավորապես, շարժման արատավորված առաջնորդների շնորհիվ, ունենք մի իրավիճակ, որը շատ վատ է անդրադառնալու գործընթացի վրա՝ հատկապես բանակցությունների ընթացքում՝ արցախյան հիմնահարցը չունի բավարար ուշադրություն երկրի ներսում, և սա հետևանք է ունենալու։ Մինչդեռ հարցը ոչ թե Արցախն է, ոչ թե արցախյան հիմնահարցի նկատմամբ պատերազմից հետո պակասող ուշադրությունն է, այլ հարցը հրապարակ բերող և Արցախյան կորստի համար թիվ մեկ պատասխանատու զույգը։
Ահա և Արցախը փրկելու ձեր պայքարի արդյունքը»։