ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով լրատվական կայքերում այսօր տեղ գտած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հոդվածին, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Որոշ լրատվական կայքերում այսօր տեղ գտած քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հոդվածներին ի պատասխան՝ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքային բնականոն ընթացքը չի պատրաստվում համապատասխանեցնել որոշ թերթերի խարդավանքների տրամաբանությանը։
Ակնհայտ է, որ նման լրատվականների «ինֆորմացիոն աղբյուրները» ոչ միայն վաղուց հավաստի տեղեկատվություն չեն տրամադրում խմբագրությանը, այլև ամբողջապես սպառելով իրենց՝ ցամաքել են մայրաքաղաքի փողոցներում ևս։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի անկախ խորհրդատուներին, ապա նրանցից յուրաքանչյուրը՝ Սամվել Բաբայանը ներառյալ, շարունակում է տարբեր ձևաչափերով աջակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքներին։
Քննիչ հանձնաժողովի անիրականանալի ձախողմանն անհամբերությամբ սպասելու փոխարեն, խառնակչություններով տարված լրատվական կայքերի խմբագիրներին խորհուրդ կտամ կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիրները ուղղակիորեն հրաժարվեցին մասնակցել պատերազմից հետո մեր պետության ու բանակի վերականգմանն ուղղված այս կարևորագույն աշխատանքներին։
Իսկ քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջնարդյունքը գնահատողները վստահաբար ո՛չ կեղծիք մատուցող թերթերի, ո՛չ էլ դրանց խմբագրակազմերի տիրույթում չեն գտնվում, հանձնաժողովի ավարտական եզրակացությունը հնարավոր առավելագույն ծավալով հասանելի կլինի հանրությանը և այդ ժամանակ տեսանելի կլինի այս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքը»։