Տեսակետ

Հայ-ամերիկյան հարաբերությանը «փրկչային» կամ «փրկօղակային» բնույթ տալը չի նպաստելու առողջ հարաբերություն հաստատելուն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մի նոր «ուռա՜»-ի մասին:
Դարձյալ չեմ ուզում «սառը ջուր» լցնող լինել, բայց նաև չեմ ուզում, որ միջազգային դերակատարների հետ մեր հարաբերությունների հիմքում հայտնվեն պատրանքներ, հատկապես՝ մեզ հետ կատարվածից հետո:
Ըստ այդմ, օրինակ, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում, սա, իհարկե լավ է: Բայց ավելի լավ կլինի, եթե խորամուխ լինենք, թե ինչ է հասկանում ԱՄՆ-ն ԼՂ բնակչություն ասելով, բնակչության ի՞նչ կազմ է հասկանում, ու այդպիսի մի քանի այլ հարցեր: Որովհետև բանակցային գործընթացում «ԼՂ բնակչություն» ասվածը ենթադրել է նաև ադրբեջանցիների գործոնը:
Ընդ որում, այդ հարցերի նպատակը կամ իմաստը բոլորովին այն չէ, որ «եզրակացնենք», թե ոչ միայն ռուսներն են «փիսը», այլև՝ ԱՄՆ-ն: Բոլորովին: Ընդհանրապես, արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս ոչ թե լավ ու վատ պետք է փնտրենք, այլ բովանդակություն հասկանանք, որպեսզի կարողանանք հասկանալ նաև, թե որ ուղղությամբ ինչ կերպ պետք է կառուցել մեր աշխատանքը:
Ըստ այդմ, որևէ պատրանքային, չափազանցված կամ, մեղմ ասած, չճշտված ընկալում ոչ թե նպաստելու է հայ-ամերիկյան՝ չափազանց կարևոր հարաբերության ամրացմանը, այլ վերածելու է փուչիկի, որը կարող է պայթել: Իսկ հետո արդեն էական չէ, թե ով ավելի հնարամիտ, ճկուն կլինի, և ում վրա կդրվի այդ փուչիկի պայթյունի պատասխանատվությունը. պայթյունի ապտակի ցավը զգալու ենք միայն մենք:
Ինչպես հայ-ռուսական հարաբերության «ամենափրկիչ» բնույթ «ստեղծողները» չեն նպաստել իրապես առողջ ու կայուն հայ-ռուսական հարաբերությանը, այդպես էլ հայ-ամերիկյան հարաբերությանը «փրկչային» կամ «փրկօղակային» բնույթ տալը որևէ կերպ չի նպաստելու այդ երկրների հետ առողջ հարաբերություն հաստատելուն»: