Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց․
«88-ը բացառիկ էր. մանիպուլյատիվ ու հակագիտական են համեմատությունները։
Ես ընդդիմադիր շարժման չափազանց մեծ փորձ ունեմ։ Հարթակում եմ եղել 2003, 2008թթ-ի նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացների ժամանակ, վարել եմ այդ շարժումների տասնյակ հանրահավաքներ։ Այդ շարժումները` իրենց ծավալով ու ընդգրկումով, իրապես զանգվածային են եղել ու չի կարելի այսօրվա շարժումը, որ իր ծավալով փոքր է անգամ 2013-ի Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարից, համեմատել դրանց հետ։ Ուղղակի անբարեխիղճ, սուբյեկտիվ համեմատություն է։
Բայց ավելի մեծ մանիպուլյացիա է, եթե կուզեք` հակագիտական մոտեցում, երբ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրության» շարժումը համեմատում է 88-ի համազգային շարժման հետ։ Ինչո՞ւ եմ ասում հակագիտական մոտեցում։ 88-ի շարժումը բացառիկ է, որովհետև դա էությամբ ազատագրական պայքար էր` ընդդեմ կայսրության, նրա ազգային քաղաքականության, որն, ի վերջո, հանգեցրեց Հանրապետության ստեղծմանն ու արցախյան առաջին պատերազմի հաղթանակին։
Սեփական պետության ներսում նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ 88-ի կրկնություն։ Ներքաղաքական պայքարը համազգային նման կոնսոլիդացիա առաջացնել չի կարող։ Այս իմաստով` վիրավորական ու հակագիտական է նաև 2018-ի համեմատությունը 1988-ի հետ, եթե նույնիսկ չորս տարի առաջ փողոցները հեղեղված էին տասնյակ հազարավոր մարդկանցով։1991-ից հետո, բոլոր գործընթացները բնույթով ներքաղաքական են, եթե անգամ կարգախոսային մակարդակում Հայաստանը «փրկում» են «թրքացումից»»։