ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ի՞նչ գործ ունենք մենք ԵԱՏՄ-ում, եթե մինչ այդ Հայաստանը չորս-հինգ տարի Եվրամիության հետ բանակցում էր ասոցացման պայմանագրի շուրջ։ Ո՞վ չի հիշում վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ ասում էր՝ «մենք ԵԱՏՄ հետ նույնիսկ ընդհանուր սահման չունենք»։ Ո՞վ չի հիշում, թե այդ կառույցի հիմնադիր խորհրդաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաևը ինչ «պոնտ»-ով էր հրապարակում Իլհամ Ալիևի նամակը։ Ո՞վ չգիտեր, որ Ռուսաստանը 2001 թվականին Ադրբեջանի հետ հռչակագիր է ստորագրել, որով երկու երկրների ռազմավարական համագործակցությունը ֆիքսվել է որպես Կովկասի կայունության երաշխիք։ Ո՞վ չգիտեր, որ Ղազախստանը և Ղրղզստանը թյուրքախոս պետություններ են, Ադրբեջանի քաղաքակրթական եղբայրը։ Ո՞վ չգիտեր, որ Բելառուսը և Ադրբեջանը դաշնակից են, Լուկաշենկոն և Ալիևը՝ գաղափարա-քաղաքական «երկվորյակներ»։ Մի կառույց, որի բոլոր անդամները Բաքվի դաշնակիցներ են, ի՞նչ պետք է տար Հայաստանին։ Միայն՝ մանևրի, այլընտրանքի բացառում, միայն՝ թուրքական «սրի» և ռուսական «անվտանգության երաշխիքների» միջև սուվերենության ռազմատնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական բաղադրիչների՝ մաս առ մաս զիջում, փոշիացում՝ Ադրբեջանից նաև ՀԱՊԿ «միջուկ» Ռուսաստանի և նրա «անբաժանելի մաս» Բելառուսի աջակցությամբ ահագնացող սպառնալիքի դեմ-հանդիման։ ՀԱՊԿ անդամներից նույնիսկ Ղրղզստանն է անվտանգության լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով Ռուսաստանի մրցակից-հակառակորդ ԱՄՆ-ի հետ, նույնը՝ Տաջիկստանը։
Միայն Հայաստանն է մնացել խրուշչովյան ժամանակների խորհրդային արտադրության սպառազինությունների հույսին, այն տանկերի, որ, երևի, 1968 թվականին Պրահայի ապստամբությունն են ճնշել։ Մյուս կողմից՝ Հայաստանն իրեն դատապարտել է Իրանին «ամուսնական հավատարմության»՝ գործնական ոչ մի հարաբերություն չհաստատելով Իսրայելի հետ։ Եվ ի՞նչ։ Քառասունչորսօրյա պատերազմում Իրանը «լոգիստիկ խնդիրներ ստեղծեց»։ Պարզ ասած՝ սահմանափակեց իր տարածքով Հայաստան սպառազինությունների ներկրումը, իսկ Ռուսաստանը գործի չդրեց Հայաստանի հետ «միասնական զորախումբը» և, անգամ, ՀՕՊ համակարգը։ Այդ աղետից հետո օրվա իշխանությանը մեղադրել, թե հարաբերություններ է հաստատում «հակառուսական պետությունների հետ»՝ կամ կախյալ մանկամտություն է, կամ պետության այլընտրանքի բացառում, ինչն, ի դեպ, Հայաստանի բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի հետ կապված, հնարավոր կարգավորումը մղում է բացառապես ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունների «մուրճի և զնդանի» միջակայք։ Բայց ամեն ինչ միջին վիճակագրական հային, հատկապես՝ Արցախում, ներկայացվում է այնպես, իբր Հայաստանը «կողասահում է դեպի Արևմուտք, ինչը նշանակում է թուրքացում»։ Ներողություն, Հայաստանի «թուրքացումը» ԵԱՏՄ-ին նրա հնազանդեցված անդամակցությունն էր»։