«Հանուն հանրաօետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եթե չեմ սխալվում, Մայր աթոռը (կամ առանձին հոգևորականներ) շաբաթներ առաջ միացան Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած «Դիմադրության» շարժմանը։
Օրեր շարունակ հայ հասարակությունը բռնության տարբեր դրվագների ականատեսն է, որոնց շարքում ամենաքստմնելին Գյումրիում դաշնակցական երիտասարդների կողմից տարեց պապիկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքն է։
Մայր աթոռից, Ամենայն հայոց կաթողիկոսից, որևէ եպիսկոպոսից, առավել ևս, Շիրակի թեմի՝ իմ կողմից հարգված Միքայել արքեպսկ․ Աջապահյանից, բռնության որևէ դեպքի վերաբերյալ դատապարտող գեթ մեկ հայտարարության չեմ հանդիպել։
Ավելին, որևէ հոգևորական, այդ թվում՝ Միքայել սրբազանը, չեն այցելել ծեծված մեծահասակ գյումրեցիներին։
Սիրելի հոգևորականներ, մեր և ձեր Ավետարանը նույնաբովանդակ է, ձեզնից շատերի հետ ճեմարանում միասին Նոր կտակարան ենք սերտել, շատերիդ էլ առաջնորդել եմ Հայ եկեղեցու երիտասարդաց միության կազմում՝ որպես այդ միության նախաձեռնող և առաջին ատենապետ։
Մայր աթոռը, Ամենայն հայոց հայրապետը, հոգևորականները, ովքեր ոչ առաջին օրն են հրապարակայնորեն իրենց համակրանքը հայտնել ընդդիմության առաջնորդների՝ ի մասնավորի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ, պետք է հրապարակային դատապարտող հայտարարություններով հանդես գան վերջին օրերին արձանագրված բռնարարքների վերաբերյալ»։