Տեսակետ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պահպանվել է մահացության բարձր ցուցանիշը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Հերացի» վերլուծական կենտրոնը շարունակում է ուսումնասիրել Վիճակագրական կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները, համաձայն որի՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 8707 մահվան դեպք, որը 5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 20%-ով բարձր՝ 2018-2020 թվականների միջին ցուցանիշից:
Վերլուծությունն՝ ըստ տարածաշրջանների, ցույց է տալիս, որ ընթացիկ տարում մահացության աճն եղել է առավել բարձր Լոռում՝ 22%, Գեղարքունիքում՝ 15%, Վայոց ձորում՝ 10%: Տավուշում և Սյունիքում արձանագրվել է մահացության 3% անկում, իսկ մայրաքաղաքում այն մնացել է գրեթե անփոփոխ:
Մահացության կառուցվածում, ինչպես նախորդ տարիներին, առաջատար պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 55%, նորագոյացությունները՝ 15%, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 10%, և ԿՈՎԻԴ-19-ը՝ 8%: 
Միևնույն ժամանակ, եթե 2022 թվկանին ԿՈՎԻԴ-19 հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով, ապա արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերն աճել 10%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 33%-ով: Համապատասխանաբար, բարձր են նաև մահվան դեպքերը 2018-2020 թվականների միջինի հանդեպ. արյան շրջանառության համակարգի հիվանդություններից՝ 19%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 18%-ով:
Եվրոպական Միության երկրներում ևս պահպանվում է ավելցուկային մահացությունը, սակայն այն  2021 թվականի դեկտեմբերի 23,4%-ից 2022 թվականի փետրվարին կրճատվել է մինչև 7,4% (համադրելի է 2021 թվականի փետրվարի տվյալներին՝ 6,1%):  
Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին դրական դինամիկա է ունեցել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով, իսկ 2018-2020 թվականների միջին ցուցանիշի նկատմամբ՝ 7%-ով:
Ցավոք, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների՝ 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է մայրական մահացության 4 դեպք, մայրական մահացության գործակիցը կազմել է՝ 49,4 միավոր 100․000 կենդանի ծնվածի հաշվով, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
Բնակչության մահացությունը հանդիսանում է կարևորագույն ժողովրդագրական ցուցանիշներից մեկը, որի պարբերական մշտադիտարկումը և, արդյունքում, ապացուցողահեն որոշումների ընդունումը նպաստում են հանրային առողջության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»: