Տեսակետ

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում աճում են

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Հերացի» վերլուծականը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, ամփոփել է երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն մասին ներկայում հայտնի փաստերը: 
Սույն թվականի ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է հայտնել նախկինում առողջ, մինչև 10 տարեկան երեխաների շրջանում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի մասին: Առաջին դեպքերից շուրջ մեկ ամիս անց՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ, Եվրամիության 15 երկրներում արձանագրվել է հիվանդության շուրջ 95 դեպք, ևս 145-ը գրանցվել են Միացյալ Թագավորությունում: Հիվանդությանը գրանցվել է նաև ԱՄՆ-ում և Իսրայելում:
Անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են՝ աղեստամոքսային տրակտի խանգարումները, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39,5% դեպքերում):
Ներկայումս գիտնականների կողմից ուսումնասիրվում է հիվանդության առաջացման մի քանի աշխատանքային վարկած.
1. Զուգորդված գործոն, որն ազդում է փոքր երեխաների վրա՝ ավելի ծանրացնելով սովորական թեթև ադենովիրուսային վարակները կամ առաջացնելով նրանց մոտ իմունոպաթոլոգիա.
ա) ընկալություն վարակի նկատմամբ՝ պայմանավորված լոքդաունի պատճառով սեզոնային վարակների ցածր հիվանդացությամբ
բ) նախկինում տարված կամ զուգորդված կորոնավիրուսային հիվանդություն
գ) տոքսիններ, դեղեր կամ շրջակա միջավայրի գործոններ
2. ադենովիրուսային վարակի նոր տեսակ և այլն։
Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է իմանալ, որ դեպքերի հանդիպման հաճախականությունը չափազանց ցածր է, դրանց ծագումնաբանության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, և, անգամ եթե ադենովիրուսային վարակը ունի դերակատարում, հիվանդությունը, հավանաբար, չունի մարդուց մարդուն փոխանցվող հիվանդության հատկանիշներ:
Այնուամենայնիվ, զգոնություն պահպանելու նպատակով՝ ծնողներին խորհուրդ է տրվում երեխաների մոտ վերոնշյալ ախտանշանների առաջացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմել մասնագետներին, ինչպես նաև՝ խստորեն հետևել հիգիենայի կանոններին (ձեռքերի լվացում, ռեսպիրատոր հիգիենա և այլն), որոնք նպատում են բազմաթիվ վարակների տարածման կանխարգելմանը: 
Կարևոր է նաև հետևել պաշտոնական կամ հեղինակավոր աղբյուրներից ստացված տեղեկատվությանը և հիշել, որ սոցիալական ցանցերում հանդիպող հրապարակումները հաճախ չունեն գիտական հիմնավորում, իսկ որոշ դեպքերում՝ ակնհայտ կեղծ են:
Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործնել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները»: