Տեսակետ

Լոռի՝ Մոտկոր, Թումանյանի ու Մաթևոսյանի հայրենիք է ուզում խցկվել հանքահենների դասը

Գրող Հրանտ Մաթևոսյանի որդին, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լոռի՝ Մոտկոր, Թումանյանի ու Մաթևոսյանի հայրենիք է ուզում խցկվել հանքահենների դասը, մարդկանց «ոսկու կճուճ» և «աշխատատեղեր» խոստանալով: Սա երկրորդ ալիքն է. նախ, անտառները բզկտեցին, հողերի էրոզիա սկսվեց, ու մեր վարար ջրերը բարակեցին, հիմա, արդեն, ընդերքն են ուզում փլուզել:
Իմ ու մեր Մոտկորը՝ Ահնիձորը, Շամուտը, Լորուտը, Աթանը, Մարցն ու Քարինջը, Դսեղը՝ մեր բնության հրաշք կտորը, բուլդոզերի բերանն է ուզում տալ հանքահենների դասը՝ վերջում աղբանոց ու թունափոսեր թողնելով: Ստորագրահավաք է՝ արգելենք, ճամփան մոռանալ տանք Մոտկորի: 
Մոտկորը պիտի արգելոց կամ, առնվազն, ազգային պարկի կարգավիճակ ստանա՝ հատուկ պահպանվող գոտու ստատուսով: Որևէ հանքի շահագործում Մոտկորի տարածքում Մոտկորի մահն է: Ինչպես ոչնչացրել են Թեղուտն ու Շնողը, նույնը մեզ է սպասելու, եթե առհասարակ որևէ խոսակցություն թույլ տրվի, որևէ թուլություն ցուցաբերի որևէ մեկը: «Ոսկու կարասից» օգտվելու հեռանկարի հեքիաթով սնված՝ թեղուտեցին ու շնողնեցին նույն գրպանը ծակ, անտուն, մոռացվածն են: Մենք Թումանյանի ու Մաթևոսյանի հայրենիքն ենք: Մենք բնության մարդ ենք, մենք ուզում ենք բնության հետ համերաշխ ապրել և ունենք այդպես բարեկեցիկ ապրելու՝ մեր բանաձևերը: Մենք դա նոր ենք սկսում, թերևս, ուշացումով: Բայց դա արդար ճանապարհ է և արդարացված բիզնես մոդել, որ շատ էլ էֆեկտիվ աշխատում է, եթե աշխատեցնողները խելոք մարդիկ են: «Ոսկու կարասից» օգտվելու հույս ունեցողները հրաշքի սպասող մակաբույծ են: Մենք մեր Մոտկորը մակաբույծներին չենք հանձնում: Վերջ: Մտեք և ստորագրեք, ժողովուրդ»: