Միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քանի որ ես եղել եմ Ժնևում տեղակայված DCAF կազմակերպություն մի խումբ պատգամավորների և պաշտոնյաների՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած ճանաչողական այցելության կազմակերպիչներից մեկը, և մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել, թե Վիեննայի օդանավակայանում ՔՊ պատգամավորներն ընկել են գարեջուր խմելով, այդ իսկ պատճառով էլ բաց են թողել Վիեննա-Ժնև թռիչքը և ուշացել Ժնևում տեղի ունեցած քննարկումներից, հարկ եմ համարում նշել հետևյալը.
Վիեննայում երկու թռիչքների միջև ընկած ժամանակամիջոցը նախատեսված էր 45 րոպե։ Հենց սկզբից էլ կար մտավախություն, որ այն բավարար չէր՝ մի թռիչքից մյուսը հասցնելու համար, սակայն այն ավելի կրճատվեց, քանի որ Երևան-Վիեննա ինքնաթիռը ուշացումով մեկնեց։ Այցելության կազմակերպիչներն, այնուամենայնիվ, ստիպված էին ռիսկի դիմել, քանի որ այդ առավոտ ժնև մեկնող մյուս՝ Ֆրանկֆուրտով անցնող թռիչքում բավարար տեղ չկար։ Ինքս Ֆրանկֆուրտի խմբում էի, և, չնայած Ֆրանկֆուրտում երկու թռիչքների միջև ժամանակահատվածը մեկուկես ժամ էր, մենք հազիվ ենք հասել երկրորդ թռիչքին։
Պատգամավորները Ժնև են ժամանել ընդամենը երկու ժամ ուշացումով և ճանապարհորդական հագուստով միացել են եռօրյա ծրագրին, քանի որ նրանց ճամպրուկն ավելի ուշ է հասել։
Այս գրառումն անում եմ սեփական նախաձեռնությամբ, պատգամավորներն ինձ նման խնդրանք չեն ներկայացրել։ Պարզապես չեմ սիրում ապատեղեկատվություն»։