Տեսակետ

Ես ժամանակավորապես կրելու եմ զավթիչներից որևէ մեկի կառավարման բեռը, բայց չեմ համագործակցելու նրա հետ՝ ընդդեմ մյուսի

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2019թ.-ի օգոստոսին կայացրեցի կարևոր որոշում՝ որոշեցի, որ երբեք նախընտրություն չեմ ունենալու «նախկինների» և «ներկաների» միջև, կրիտիկական պահերին չեմ ասելու «պահենք Նիկոլին, որովհետև մազ է մնացել՝ նախկինները վերադառնան», կամ «օգնենք նախկիններին, որովհետև ներկաները լկտիացել են»: Ես որոշեցի, որ իմ արժանապատվությունից ցածր է սեփական կամքով ընտրել ու ցույց տալ, թե ում ես նախընտրում քեզ բռնաբարողի դերում: Այս որոշումից բխեց կարևոր հարց. «բայց չէ՞ որ պրոցեսները ունենալու են պրակտիկ վերջնարդյունք՝ «Նիկոլ» կամ «նախկիններ», այդ ինչպե՞ս է հնարավոր նախընտրություն չունենալ»: Ես արձանագրեցի, որ կարգավիճակով ես գերի եմ, բայց ոչ՝ կոլաբորացիոնիստ, ու ժամանակավորապես կրելու եմ զավթիչներից որևէ մեկի կառավարման բեռը, բայց չեմ համագործակցելու նրա հետ՝ ընդդեմ մյուսի: Միակ կարգավիճակը, որի համար պատրաստ եմ պայքարել, լիակատար ազատությունն է։ Մնացյալ ամեն ինչը մեղք է ինձ համար և ցածր՝ իմ արժանապատվությունից։
Հիմա նայում եմ իմ մարդկանց, ում հետ հազար անգամ ենք խոսել իրերի ներկա դրության մասին, և ում հետ խոսել ու գործել ենք՝ նաև մինչև 2018-ը: Ես հակված եմ հավատալու, որ այդ մարդիկ անկեղծ են Նիկոլի հանդեպ իրենց դժգոհության մեջ, բայց նրանք, ցավոք սրտի, չեն ազատագրվել շանտաժից՝ նրանք տրվում են նախընտրություն ունենալու թակարդին, իսկ քանի դեռ դու պատրաստ ես ընտրել քեզ ստրկացնողների միջև, միշտ կյանքը կբերի իրավիճակներ, որում ինքնակամ կընտրես ստրկության ձևերից որևէ մեկը: Բաց թողեք Նիկոլի, բաց թողեք նրան ձեր մտքում: Դուք դժվար կյանքի ճանապարհ եք անցել ու, եթե պետք լինի, կդիմանաք ու կհաղթեք ցանկացած վատ վարչակարգի: Բաց թողեք «համեմատաբար փափուկ ավտորիտարիզմի» թմրադեղի ասեղը, ու եթե «լոմկեն» չսպանի ձեզ, ազատ կլինեք հենց վաղը առավոտյան»: