Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նախկինում, երբ փողոցային ակցիաներ էին տեղի ունենում, և ոստիկանությունը բիրտ ուժով ճնշում էր հավաքներն ու անհնազանդություն իրականացնողներին բերման ենթարկում, դա անարդարության զգացում էր թողնում տանը նստածների մոտ, և առավել ակտիվները միանում էին փողոցի անցուդարձին։ Ակտիվիստների նկատմամբ էմպատիա առաջանում էր, որովհետև ոստիկանությունը հարուստների, կեղեքողների, ընտրության հնարավորությունը բացառողների կողմից էր, իսկ հակառակ կողմում, ենթադրաբար, ճնշվածներն էին (իհարկե, ոչ բոլոր դեպքերում)։
Բայց հիմա ի՞նչ էմպատիայի մասին կարող է խոսք գնալ, այ ժողովուրդ ջան։ Հանրությունն էնքան ատոմիզացված է ու արժեքային կողմնորոշիչները կորցրած, որ հանրության մի կեսին մյուս կեսի մոտ մորթես, մի քոռ արցունք էլ չի կաթի նայողների աչքերից։ Ու սա՝ բարդ իրավիճակներում հայտնված հանրության դեպքում՝ բնականոն համերաշխության, աղետը միասին, իրար օգնելով հաղթահարելու փոխարեն։ Իսկ թե ինչ դերակատարություն են էս ամեն ինչում ունեցել էսօրվա փողոց փակողները, ինքներդ դատեք։ Ընդ որում, դա արել են նրանց հետ ձեռք-ձեռքի տված, որոնց դեմ էսօր պայքարում են։
Ըստ էության, համերաշխությունը էսօրվա միակ օրակարգն է, ինչի մասին 4 տարի է՝ խոսում ենք, իսկ պատերազմից հետո՝ ավելի շատ, բայց էդ օրակարգը արհամարհանքի է արժանանում։ Էս օրը ցույց է տալիս, որ ով քաղաքական օրակարգ ունի, բայց համերաշխության չի ձգտում, իր ոտքին է կրակում առաջին հերթին։ Առանց համերաշխության՝ ոչ մի քաղաքական օրակարգ չի կարող հաղթել։ Չի կարող հաղթել նաև «խաղաղության օրակարգը», եթե դա հանրային քննարկման չի դրված ու համերաշխության պարագայում չի առաջ մղվում։ Էլ չեմ ասում, եթե դա տեղի է ունենալու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով՝ մեր ժողովրդի մի մեծ հատվածի հետ համերաշխության որևէ եզր չթողնելով»։