Տեսակետ

«Դանթեական առասպել» պոեմ. դե, այնտեղ գտեք թուրք բառը. չկա. չէր կարող լինել

Լրագրող Վարդ Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Քրիստոնյա լինել՝ ահա ելքը
Գրականագետ Հրանտ Թամրազյանը, որի դասախոսությունները լսելու համար մենք փախչում էինք մեր համալսարանական պարտուսից, մի օր լսարանին հարցրեց. «Նկատե՞լ եք, որ Նարեկացին ոչ մի տեղ չի խոսում հայի, հայրենիքի մասին։ Մատյանում մեկ անգամ է ընդամենը հիշում Արարատը, այն էլ՝ սեփական մեղքերի ծանրությունն ընդգծելու համար։ Մի անգամ էլ Հարության տաղում է Մասիսը երևում, և վերջ. այ, սա է համամարդկային ստեղծագործությունը»։ Լսարանը նրա՝ լեռան պես ծանր խոսքի ծանրությունից քարացավ, իսկ ես, որպես այլ կուրսից մի կերպ ներս սողոսկած օտար մարմին, առանց ամաչելու վրա տվեցի՝ «ուրեմն Չարենցը համամարդկային չէ՞, չէ՞ որ նա այնքան շատ է անդրադարձել Արարատին»։ Այստեղ լեռը շարժվեց, եկավ ուղիղ ինձ վրա և, կռանալով, ականջիս շշնջաց՝ «բայց ես իմ ամբողջ կյանքում հենց այդ հարցին եմ պատասխանել»։ Ուսանողներն այդպես էլ չիմացան, թե լեռն ինչ ասաց իմ ականջին. չասացի։ Բայց հարգարժան պրոֆեսորի արտասանած տեքստն այնքան տպավորիչ էր, որ ես ինձ չէի ների, եթե գզրոցներս չքրքրեի ու մեջտեղ չբերեի արձակ բանաստեղծություն հիշեցնող այս սղագրությունը. 
«1915թ. հայկական կամավորական առաջին ջոկատներ. Քանաքեռ. երկրորդ վաշտ. Չարենցը ցուցակում է. սեպտեմբերի 6. զինվորները առաջին գիծ են շարվում. երաժիշտները նվագում են կոչը. աղոթք. օգոստոսի 17. զինվորներին բաժանվում է փամփուշտ, կացին, կերակրաման, ուսադիրներ, որոնց վրա գրված է АД տառերը (армянские добровольцы). Չարենց. 6-րդ կամավորական գումարտակի 373-րդ զինվոր. մարտական ուղին. Վան. Անգեղ գյուղ. կատաղի մարտեր թուրքերի հետ. ազատագրում են Նարեկն ու Աղթամարը. ծանր մարտեր Ոստանում. դեկտեմբերի 25. Սուլդուզի դաշտ. անհավասար ճակատամարտ. վաշտը քնում է Շեյթանաբադ գյուղում, քրդերը կոտորում են ամբողջ վաշտին. Չարենցը հրաշքով է փրկվում. այս ամբողջը գնացել է «Դանթեական առասպել» պոեմ. դե, այնտեղ գտեք թուրք բառը. չկա. չէր կարող լինել. թուրքի անուն տալով և նրան հայհոյելով՝ գործ չի լինի... Մաթևոսյանն ասում էր՝ քարը չի ճաքի, դուք կճաքեք»։
Ահա ամբողջը. հայ գրավոր մշակույթում երբեք այսքան շատ չի գործածվել թուրք բառը։ Մեր լեզուն երբեք այսքան հախուռն չի անցել թշնամանքի, հոխորտանքի դռներից։ Նարեկացու գիրն է մեր սեղմնապատկերը, մենք նստած ենք մի Գրի միջուկում, որը բարիք է աղերսում իր թշնամու համար, այլ կերպ, ուղղակի, իր բանաստեղծության ներսում ապրող մի երկիր ամեն անգամ մի հրաշքով հարություն չէր առնի»...