Տեսակետ

Ամուլսարի օրակարգը հետ է վերադառնում. դուր գալիս է, թե՝ ոչ, ԱՄՆ-ն Հայաստանին ունեցել է մեկ կոնկրետ առաջարկ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ապրիլի 20-ին այցելել է Ամուլսար: Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը, ողջունել բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու՝ «Լիդիանի» հանձնառությունը և նկատել, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի խթան դառնալու ներուժ ունի:
Սա բավականին ուշագրավ տեղեկություն է՝ նկատի առնելով, որ տևական ժամանակ ԱՄՆ դեսպանը հրապարակային անդրադարձ չէր կատարել հարցին:
Հիմա հետաքրքիր կլինի լսել այն ուժերի անդրադարձը, որոնք ԱՄՆ դեսպանի ամեն մի այց կամ հայտարարություն դիտարկում էին Հայաստանի «փրկության» համատեքստում: Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ՝ դուր գալիս է որևէ մեկիս, թե՝ ոչ, ԱՄՆ-ն Հայաստանին, նվազագույնը վերջին տարիներին, ունեցել է մեկ կոնկրետ ու առարկայական առաջարկ՝ պատրաստ ե՞ք Ամուլսարի հարցում ներդրումային գործակցության, թե՞՝ ոչ: Մնացյալը, որ մեկնաբանվել է մեր հասարակական-քաղաքական կյանքում, քնարականություն է:
Այլապես՝ տարօրինակ է, երբ ԱՄՆ անունով երդվող ուժերը որևէ կերպ չեն նկատում Ամուլսարի մասին բազմաթիվ հայտարարություններն ու արտահայտվում են այդ ծրագրի դեմ:
Անշուշտ, մասնագետ չեմ, բնապահպանական ռիսկերի վերաբերյալ լսում եմ թե՛ ընդդիմախոսների, թե՛ ծրագրի պատասխանատուների մոտեցումները: Ոչ մասնագետին բարդ է կողմնորոշվել: Լայն իմաստով՝ համարում եմ, որ Հայաստանի համար չափազանց բարդ է լինել աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական առումով մրցունակ՝ չունենալով հանքարդյունաբերություն: Ըստ իս՝ ամբողջ հարցը բնապահպանական ստանդարտներն են և արդյունաբերական ցիկլերը, որպեսզի Հայաստանը չլինի լոկ անմշակ հումք արտահանող երկիր:
Կոնկրետ Ամուլսարի առումով, միանգամայն հասկանալով շատ շատերի հակառակ դիրքորորոշումը, համարել եմ, որ ծրագրի իրականացումը կարևոր է՝ նաև հենց Հայաստան-ԱՄՆ գործակցության տողատակերի առումով: 
Ի դեպ, ուշադրության է արժանի փաստը, որ ԱՄՆ դեսպանը Ամուլսարի ներդրումային ծրագրի մասին «հիշում» է Հայաստանի վարչապետի մոսկովյան այցի և Պուտինի հետ համատեղ հայտարարության ֆոնին, փաստացի, դրա հաջորդ օրը: Իսկ համատեղ հայտարարության մեջ խոսք կա նաև տնտեսական նախագծերի մասին: Սա էլ, իր հերթին, հետաքրքրության է արժանի այն դիտարկվող վարկածի շրջանակում, որ Ամուլսարի ներդրումային ծրագրի ձախողմամբ շահագրգռված էին ռուսական շրջանակները՝ ավելի ուշ այդ ռեսուրսը իրենց տնօրինմանը վերցնելու համար»: