ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանի դիվանագիտական ճակատին իմ միանալը մե՛կ ԵԽԽՎ-ում ինձ ճանաչող մեր թշնամի երկրի պատվիրակներին է անհանգստացրել, մե՛կ էլ՝ Ռոբերտ Քոչարյանին ու իր սատելիտներին:
Բազմաթիվ նամակներ եմ ստացել. օգտատերերը գրում են, ասում են Ռոբերտ Քոչարյանի «5-րդ ալիքը» մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ իմ ելույթներից հատվածներ են, դրվագներ իմ ու Նիկոլ Փաշինյանի, իմ ու Ալեն Սիմոնյանի, իմ ու Սասուն Միքայելյանի խորհրդարանական վեճերից, իմ խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներ, իբր՝ մի ահավոր տեսանյութ, որը սեիդովյան հրճվանքով տարածում են։ Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտել:
Նախ, հիշեցնեմ, որ մենք թաքցնելու ոչինչ չունենք, մեր գործունեությունը եղել է մշտապես բաց ու թափանցիկ, բոլորի աչքի առջև, մարդիկ այդ ամենը տեսել են՝ առանց կոնտեքստից կտրելու և ուղիղ եթերում։
Ըստ այդմ, ցանկանում եմ «5-րդ ալիք»-ին հարցնել՝ կարո՞ղ եք այս թեմաներով էլ ռեպորտաժներ պատրաստել.
- ինչպե՞ս կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը, և խորհրդարանում գնդակահարվեցին ժողովրդի կողմից ընտրված առաջնորդները,
- ինչպե՞ս և ու՞մ հրահանգով, Քոչարյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ, սպանվեց քաղաքացի Պողոս Պողոսյանը,
- ինչպե՞ս սպանվեց գլխավոր դատախազն՝ իր աշխատասենյակում,
- ինչպե՞ս մինչև 2008-ը սպանվեցին իշխանությանը հակադրվող հայտնի գործիչներ,
- ինչպե՞ս մարտի 1-ին սպանվեցին խաղաղ ցուցարարները Երևանում։
Ավելի բարի թեմաներով ռեպորտաժներ էլ կարող եք պատրաստել: Օրինակ, Արևմուտքում ընդունված է հաջողակ անձանց կողմից իրենց հաջողության պատմություններով եթերում կիսվելը։ Առաջարկում եմ՝ ձեր տիրոջ որդիները գան և ուղիղ եթերում պատմեն, թե ինչպես կարողացան տակավին երիտասարդ տարիքում դառնալ դոլարային միլիոնատերեր։ Մեր երեխաներն էլ կդիտեն և այդ հաջողության պատմությունը կսերտեն։
Թեմաները շատ են, փուլ առ փուլ կառաջարկեմ նոր ռեպորտաժների թեմաներ, եթե, իհարկե, այդ թեմաներով կպատրաստեք։
Վերջում մի բարի ռեպորտաժ էլ առաջարկեմ. ինչպե՞ս կարող է հոգատար պապիկը անել այնպես, որ թոռները ծնվեն Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ անձնագիր ստանալու համար, հետո ինքը մասնակցի Ցեղասպանության տարելիցի ջահերով երթին՝ «ընդդեմ թուրքի, հանուն հայի և Արցախի»:
Այնպես որ, կսպասենք այս հետաքրքիր ու բարի թեմաներով ձեր նյութերին, իսկ ես անցնեմ իմ գործերին»։