«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայտարարություններն, ինքնին, ոչինչ են, եթե դրանց հիմքով չի ծավալվում հետագա արդյունավետ դիվանագիտական-քաղաքական «սպասարկումը»: Ի վերջո, հայ-ռուսական բարձր մակարդակի համատեղ հայտարարության 30 կետերը գործնականում արտացոլում են ռեգիոնալ իրավիճակը վերահսկողության տակ պահելու՝ Ռուսաստանի ձգտումը, հատկապես՝ այն պարագայում, երբ Հարավային Կովկասը, փաստացի, մտել է այլևս բազմաֆորմատ աշխարհաքաղաքական մրցակցության փուլ:
Ռուսաստանի այդ ձգտումը Հայաստանի համար պարունակում է թե հնարավորություններ, թե, բնականաբար, ռիսկեր:
Հարաբերակցության «որակն» այստեղ պայմանավորված է հենց այն դիվանագիտական-քաղաքական աշխատանքից, որ կկարողանա իրականացնել Հայաստանի կառավարող ուժը:
Եվ, թերևս, անկասկած է այն, որ համատեղ հայտարարության ամբողջ սպեկտրը վեր է այդ ուժի արդյունավետ «սպասարկման» ներուժից, ըստ էության, նաև՝ Հայաստանի որևէ քաղաքական միավորի ներուժից:
Այդ իմաստով՝ հնարավորությունների ու ռիսկերի հարաբերակցության՝ մեզ համար շահեկան որակ ստանալը կախված է լինելու այն բանից, թե կառավարությունը որքանով հմտորեն կկարողանա այդ աշխատանքում տարբեր մեխանիզմներով ներգրավել ընդգրկուն ներուժ, գուցե, նույնիսկ, հարկ եղած դեպքում կանգնելով ներքաղաքական հաշվարկներից վեր, քանի որ իրադրությունն աշխարհում և ռեգիոնում իրապես բախտորոշ է, իսկ Ռուսաստանն այդ համատեքստում՝ «վա-բանկ» գնացող»: