Տեսակետ

Կարևոր քայլ առաջ. շրջանառության մեջ է դրվել «զենքի մասին» նոր օրենքը

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սխալ է զենքի մասին շրջանառության դրվող օրենքն անվանել ազատականացման օրենք։ Դա ազատականացում չի, ազատականացվածը հիմա է, որ ով մտքին փչի՝ կարող է գնալ, առնել որսորդի անվան տակ։ Շրջանառության դրվող օրենքը հենց զենքի շրջանառության կարգավորման մասին է, որքանով ինձ է ծանոթ, բավականին կարգավորվում է, որը հընթացս լրացվելու է։

Հանվում է էն աբսուրդը, որ անպայման պիտի որսորդմիության անդամ լինես, որ զենք առնելու իրավունք ունենաս, հանվում է էն տխմար կարգավորումը, որով անպայման պետք է հարթափող առնել, 5 տարի պահել, հետո նոր ակոսավորի իրավունք ունենալ։ Սա տխմար կարգավորում էր, որովհետև հարթափողով կրակածով իդենտիֆիկացիան շատ ավելի բարդ գործ է, քան ակոսավորով, հետո՝ խոսքը չի գնում ավտոմատ կրակող զենքերի մասին, այլ հատակրակների։

Էս օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո արդեն բազմաթիվ աղջիկներ, որ միջոցներ ունեն, կարող են իրենք էլ զենք գնել, կմտնի զենք կրել-կիրառելու նոր մշակույթ, էս տարածաշրջանում զենքից անգրագետ լինելը վտանգավոր է։ Ժամանակին հայերին արգելում էին զենք ունենալ և ձի վարել, հիմա էնպես է ստացվել, որ ավանդույթ է դարձել զենքից հուշտ լինելը։ Հուսանք՝ նաև տեղում զենք արտադրողներ կհայտնվեն, օրինակ, Ուկրաինայում իրանց սեփական հրացաններն են արտադրում, ու հեչ վատը չեն, իսկ սկսել են սիրողական մակարդակից։

Էս օրենքով շատ ավելի բարդացվում է խնդիրներ ունեցող մարդկանց համար զենք գնելը, որովհետև նախ պիտի քննություն հանձնել, իսկ դա նշանակում է հրաձգարանների կուլտուրայի զարգացում։

Մի խոսքով, կարևոր քայլ առաջ է, ահագին լրացնելու տեղ հաստատ ունի, դա արդեն ընթացքն է թելադրելու։

Վերջապես զենքն սպանելու համար չի, այլ բալանսավորելու գործիք, սպանելու համար միշտ կգտնվի անօրինական զենք, այ, պաշտպանության համար՝ ոչ։

Կա պնդում, որ անօրինական զենքերը ինչ-որ ժամանակ օրինական են եղել, ու դա ճիշտ և տեղին պնդում է, դրա համար կարիք կա՝ էդ պրոցեսը վերահսկելի դարձնելու»։