Տեսակետ

Օսկանյանական մանիպուլյացիա

Հարութ Ուլոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը հանդես է եկել հերթական հոդվածով, որում հերթական անգամ ակնհայտ մանիպուլյացիոն կերպով կեղծում է Արցախի հարցի լուծման վերաբերյալ Քոչարյանի օրոք բանակցված փաստաթղթերի բովանդակությունը: 

Ներկայացնելով 1998 թվականի հունվարին տեղի ունեցած հայտնի անվտանգության նիստից մի դրվագ, ըստ որի՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն հարց է ուղղել, թե «հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Օսկանյանը պնդում է, որ ինքը պատասխանել է հետևյալ կերպ՝ «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, հնարավոր է»:

Փորձելով հիմնավորել իր պատասխանը՝ հաջորդիվ Օսկանյանը նշում է, որ Քոչարյանի ղեկավարման և իր՝ ԱԳ նախարար եղած տարիներին «Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ («ընդհանուր պետության», Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և, երեք դեպքում էլ, Ադրբեջանի կազմից դուրս»:

Այժմ՝ ըստ էության: 

Կրկին ընթերցեք. ըստ Օսկանյանի՝ իրեն ուղղված Տեր-Պետրոսյանի հարցապնդումը. «Հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Իսկ հիմա ցույց տվեք Օսկանյանի հիշատակած փաստաթղթերից որևէ մեկը, որում ամրագրված է եղել կարգավիճակի վերաբերյալ սկզբունքը՝ առանց տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրման: Չկա այդպիսի բան:

Իրականությունն այն է, որ թե´ 1998 թվականին ներկայացված «ընդհանուր պետության», թե´ 2007-ին ներկայացված «մադրիդյան» փաստաթղթերում բառացիորեն ամրագրված է «տարածքային ամբողջականություն» ձևակերպումը: Ավելին, «ընդհանուր պետություն» փաստաթղթում Արցախի կարգավիճակը, որպես պետական և տարածքային կազմավորում, սահմանվում է Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ինչ վերաբերում է դեռևս չհրապարակված «քիվեսթյան» տարբերակին՝ ապա դա Մեղրին Արցախի հետ փոխանակելու հայտնի առաջարկի ելևէջն է: Մամուլում հրապարակված նյութերի համաձայն՝ դրանում խոսք էր գնում Մեղրու սահմանի երկայնքով Ադրբեջանին «սուվերեն միջանցք» տրամադրելու վերաբերյալ:

Եթե Օսկանյանն այս ամենից եզրակացրել է, որ իր նշած փաստաթղթերում Ղարաբաղի կարգավիճակը սահմանված է եղել «Ադրբեջանի կազմից դուրս», դա իր երևակայության խնդիրն է, սակայն մի բան է երևակայությունը, լրիվ այլ բան՝ իրողությունը: Ըստ այդմ, Օսկանյանի շարադրանքն ընդմաենը ակնհայտ ստի հիման վրա կազմած բառախաղային մանիպուլյացիա է, ուրիշ ոչինչ:

Ինչ վերաբերում է Օսկանյանի կողմից 1998 թվականի ու ներկայիս իրավիճակները համեմատելու կամ նույնացնելու փորձերին, այստեղ մի պատասխան կարող է լինել: Ինչպես Օսկանյանը, այնպես էլ նման համեմատականներ անցկացնող իր նախկին կամ ներկա թիմակից մյուս քաղաքական շահառուները, 1998 թվականին մի դավաճանություն արդեն գործել են, հիմա էլ, նման համեմատականներով, երկրորդ դավաճանությունն են գործում: 

Մարդ պիտի կատարյալ անմեղսունակ լինի կամ առաջնորդվի անձնական շահադիտական նպատակներով, որպեսզի ներկայիս ու 1998 թվականի իրադարձությունների միջև որևէ հարթության վրա համեմատական եզրեր փնտրի, էլ չասած՝ նույնացնի»: