Տեսակետ

Պետք է վարվեր իշխանությունն Արցախին, այլ ոչ թե Արցախն իշխանությանը ծառայեցնելու քաղաքականություն

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մոտ երկու տասնամյակ առաջ Հայաստանի պետբյուջեն ունեցավ մոտ 12 միլիարդ դրամի եկամուտների ավելցուկ: Դա ուղղվեց ոչ թե առաջնագիծը բետոնապատելու, ինժեներական հզոր ամրություններ ստեղծելու վրա, այլ՝ մարզեր՝ իբր զարգացման, իսկ գործնականում՝ ՏԻՄ կառույցների «սնուցման» համար՝ մոտիվացնելով իշխանության վերարտադրության հարցում: 

Քանի՞ ամրակայված և կահավորված դիրք կարժենար Հայաստանի նախկին կառավարող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանների յուրաքանչյուր հարկ, կամ մեքենաների պարկի ամեն միավոր: Եթե նախորդ երկու տասնամյակում, նախորդ քառորդդարյա շրջափուլում Արցախը ռազմաքաղաքական իմաստով պահվեր ոչ թե խոսքով, հայրենասիրական ճառերով և շոու-բիզնեսի հայրենասիրությամբ, այլ՝ իրական գործով, հետևողական, նվիրական աշխատանքով, բացարձակապես այլ զարգացման ծիրում կլիներ Հայաստանն՝ ընդհանրապես։ Բոլորովին այլ կլիներ Հայաստանի հանդեպ Սփյուռքի վերաբերմունքը, այլ որակի կլիներ Հայաստանի ներքին դիսկուրսը, Հայաստանի դերը՝ թե քաղաքական կարգավորման գործընթացում, թե այդ կարգավորման միջնորդ դերակատարների հետ հարաբերությունում, թե, ընդհանրապես, ռեգիոնալ հարցերում: 

Եթե վարվեր իշխանությունն Արցախին, այլ ոչ թե Արցախն իշխանությանը ծառայեցնելու քաղաքականություն, ապա թե Հայաստանը, թե Արցախը կունենային բոլորովին այլ քաղաքական բովանդակություն ու որակ, հետևաբար, այլ սուբյեկտություն, ինչը չափազանց կարևոր էր աշխարհաքաղաքական այն հասունացող փոթորկի պայմաններում, որ ծավալվում էր Հայաստանի շուրջ և աշխարհում: 

Մինչդեռ, դրա փոխարեն, աշխարհաքաղաքական փոթորկին Հայաստանի կառավարող այդ համակարգը ընդառաջ էր գնում «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությամբ՝ Հայաստանն ու Արցախը թողնելով փոթորկի և ջրհեղեղի արանքում»: