Տեսակետ

Մենք չունենք հայանպաստ լուծման սցենարի քաղաքական ու ռազմական ռեսուրս

Գրող, հրապարակախոս Կարեն Անտաշյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պատերազմում պարտված, բարոյալքված ու գրեթե զինաթափված բանակով, ռուսական զորքերով ու քաղաքական պրեսինգով օկուպացված, մազից կախված մատակարարումներով տնտեսությամբ, քաղաքատնտեսական իմաստով իր կարևորությունը Արևմուտքի ու Ռուսաստանի համար բարձրացրած Ադրբեջանի հետ գնալ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի, միանշանակ, աներկբա մեկ բան է նշանակում՝ գնալ ցավոտ զիջումների ու ստորացման, այն է՝ զիջել Արցախի կարգավիճակը։ 

Մենք չունենք հայանպաստ լուծման սցենարի քաղաքական ու ռազմական ռեսուրս այս պահին, ինչքան էլ պաթետիկ ելույթներ, կոնսոլիդացիայի կոչեր հնչեն, Արցախի դրոշներ տեղադրվեն և այլն։ 

Իսկ արդյո՞ք չկա տարբերակ՝ ձգձգելու, հետաձգելու այդ խայտառակ համաձայնագիրը, որ կնշանակի արցախահայության ճշգրիտ ցեղասպանություն ու անկախության մի քանի սերունդների բարեկեցության ու կյանքի հաշվին արված զոհողությունների չեղարկում։  

Այլընտրանքը հարցը ձգձգելն ու ստատուս քվոն պահպանելն է, մինչև մի բան կփոխվի, ու ուժերի այլ հարաբերակցություն ու հանգամանքներ կլինեն։ Այսինքն, այն սցենարը, որ, անգամ հաղթած ու գերակա բանակցային ռեսուրս ունենալով, մենք տարանք մի քանի տասնամյակ ու, մեկ է, ձախողեցինք։ Իսկ ինչպե՞ս տարանք այդ սցենարը՝ ներքին քաղաքական ցնցումներով, զարգացման ու կայունության զոհաբերությամբ, արտագաղթով ու աղքատությամբ, մարդկային զոհերով, որի ֆոնին արմատավորված խայտառակ մասշտաբների կոռուպցիան միայն հատուկենտ մարդկանց հարստացրեց ու ավելի ունեզրկեց երկիրը։ 

Ես չգիտեմ՝ այս կոնֆլիկտից արյուն խմող աշխարհաքաղաքական ուժերն ինչ սպասումներ ունեն հիմա։ Կարծես՝ Արևմուտքին զրկել են Արցախում ներկայությունից, ու նա այլևս Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության հաշվին ուզում է Ռուսաստանի գերակայությունը չեզոքացնել, պլյուս՝ Ադրբեջանի նավթագազային դերի թռփոշացումը՝ ռուսական սանկցիաների ֆոնին։ Ռուսաստանին պետք է ձեռնտու լիներ կոնֆլիկտի ձգձգումը, բայց նրա խնամակալությամբ ընթացող հայ-թուրքական հաշտությունը հուշում է, որ Ռուսաստանը ուզում է ազատվել Արցախից՝ Հայաստանը բռնակցելով միութենական պետության մեջ, քանի որ այդ միության մեջ նա դժվար թե ուզենար արցախյան հակամարտության պատասխանատու կողմ լինել։ Դա ակնկալվում է, թերևս, 2024-ին՝ Պուտինի նախագահության ժամկետի ավարտին պես։ Ուստի, Ռուսաստանն էլ է շահագրգռված՝ արցախյան հարցը շուտափույթ լուծելու։ Թե ինչ է տալիս նրան հարցի՝ հօգուտ Ադրբեջանի լուծումը, չգիտեմ, հնարավոր է՝ թուրքական «դաբռո»՝ տարածաշրջանով դեպի իզգոյների աշխարհ դուրս գալու, առևտրի, մատակարարումների նոր աղբյուր ստանալու միջոց։ Հնարավոր է՝ Ադրբեջանի հետ նոր ինտեգրացիայի հնարավորություն։ 

Հիմա գանք ստատուս քվոն ձգձգելու մեր ռեսուրսին՝ հեղափոխություններ, գործադուլներ, քաղաքական ցնցումներ, քաղաքացիական պատերազմ, զինյալ պայքար և այլն։ Մենք ունե՞նք էդ կարողությունը, մենք պատրա՞ստ ենք էդ զոհողություններին։ Ես չգիտեմ, գործակալական ցանցերով սերտաճած Հայաստանում ինքնաբուխ պրոցեսները գրեթ անհնար են, անգամ եթե ցասումն ու պոռթկումը ինքնաբուխ է ու համաժողովրդական։ Այդ թվում՝ կասկածելի հանգամանքներում իշխանության եկած կառավարող ուժը, այդ թվում՝ ընդդիմության գրոտեսկային, իրենց կառավարման ժամանակ միայն կոռուպցիայի աստղաբաշխական մակարդակներով մեծ հաջողությունների հասած էքս-փոխարքաների այս դասն ու իրենց արբանյակները, որ ոչ մի վստահություն չեն ներշնչում որևէ համազգային պրոցես սկսելու ու տանելու հարցում։ 

Այս բոլոր փակուղիներից հետո միակ ճշմարիտ զգացումը, որ ունի հայ ժողովուրդը, պատմական անարդարության խորը զգացումն ու փրկության, ազատության երազանքն է»։