Տեսակետ

Այսքանից հետո ցանկանում ենք՝ միջազգային հանրությունը մեզ չհորդորի՞ «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Մեզնում խիստ պակասում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին 44-օրյա պատերազմի, դրա պատճառների և հետագա զարգացումների մասին միջազգային հանրության կողմից արված և արվող հետևությունների համարժեք ընկալումը.

1. Մի պետություն, որի գերագույն ազգային նպատակը միացումն էր, իրավունք չուներ թույլ տալ նման վերաբերմունք իր զինված ուժերի նկատմամբ (թալանի մակարդակի հասած կոռուպցիա, տգետ, սեփական մասնագիտական աճը արհամարհող, ագահ ռազմական գործիչների առաջխաղացմանը նպաստող կադրային քաղաքականություն ևն) 

 2. Իրավունք չուներ անվտանգային խնդիրների լուծումը բացառապես մեկ ուժային կենտրոնի վրա դնել, որի ռազմական ներուժը և աշխարհաքաղաքական կշիռը, ինչպես պարզվում է, մեծապես գերագնահատված էր։

3. Իրավունք չուներ արտաքին քաղաքականությունը հասցնել մի վիճակի, որ տարածաշրջանում (ներառյալ ողջ նախկին ՍՍՀՄ-ը) չունենա հակամարտությունում իր կողքին կանգնած գոնե մեկ բարեկամ։ Որ առանձին պետությունների համեստ աջակցությունը պայմանավորված լինի սոսկ սփյուռքահայության ջանքերով և ազդեցությամբ

4. Իրավունք չուներ իր (ներառյալ Արցախը) 1988-1994թթ. հերոսական պայքարից հետո քաղաքացիների հոգեբանական տրամադրվածությունը հասցնել մի վիճակի, որ 44-օրյայի ժամանակ գոնե մեկ բնակավայրում չցուցաբերվի Մարիուպոլի դիմադրողականության 10%-ը։ Որ խայտառակ պարտությունից հետո հասարակության շարքերից չձևավորվեր ծախողված իշխանություններին իրական այլընտրանք հանդիսացող քաղաքական ուժ 

5. Իրավունք չուներ թույլ տալ, որ պատերազմական պայմաններում դրսից ուղարկվող ֆինանսական և այլ օգնությունը կամ անհետանար անհայտ ուղղությամբ, կամ փտեր պահեստներում։ Որ պատերազմից տուժած մարդկանց հոգսերով ավելի շատ տարված լինեին կամավոր բարեգործությամբ զբաղվող կանայք, քան պետական այրերը։ 

Շատ միամիտ ենք, եթե մեզ թվում է, որ այս ամենի մասին հրապարակայնորեն չխոսացող օտարերկրյա դիվանագետները նաև համապատասխան տեղեկություներով չեն կիսվում իրենց երկրների քաղաքական ղեկավարության հետ։ Կամ չեն արձանագրում, որ որևէ դաս՝ հին և թարմ անցյալից, չենք քաղել։ Որ պատերազմում ծախողված գեներալները նախարար են դառնում ու կաշառքի վրա բռնվում։ Որ պատերազմի վտանգի առաջ կանգնած երկրում սովորական մարդկանց համար ոչ մի պատսպարան 2020-ի նոյեմբերի 9-ից հետո չի կահավորվել։ Որ ինքնիշխանության և ազգային արժանապատվության նկատմամբ վերաբերմունքը իջնի Լուկաշենկոյին «ընտրություններում հաղթանակի» կապակցությամբ շնորհավորանքի և ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան զորք ուղարկելու մակարդակի։ Որ օրինականությունը դրոշ հռչակած երկրում գործարարների կողմից աշխատողներին, այդ թվում՝ պատերազմից տուժածներին, փողով «քցելը» դառնա հարստանալու հիմնական միջոցներից մեկը։ Որ «բարեփոխված» ոստիկանոթյան աչքի առաջ մեքենաների դեմը կտրելը ամրագրվի որպես երթևեկության կանոն։ Որ պետության համար ոչ մի ծառայություն չմատուցած բարձրաստիճան պաշտոնյաների կենսամակարդակի բարելավման և բոլոր առումներով անձեռնմխելիության ապահովման տեմպերով առաջատարների շարքում ենք։ Որ խոշոր սեփականությունը յուրայինների ձեռքում կենտրոնացնելու գործընթացը, լավագույն դեպքում, չի կանգնեցվել։ Որ տեղական «ինքնակառավարման» համակարգը շատ տեղերում ձևավորվում է ոչ թե ընտրություններով, այլ՝ իրավապահների և դատարանների ինտենսիվ միջամտությամբ...

Իսկ ուկրաինական զարգացումները միայն խտացրեցին մեր երկրի և հասարակության մասին ձևավորված և ձևավորվող պատկերացումների գույները։ Այսքանից հետո ցանկանում ենք, որ միջազգային հանրությունը մեզ չհորդորի՞ «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»»։