Տեսակետ

Հայաստանյան որոշ կայքեր բարեխղճությամբ գեներացնում են Իլհամ Ալիևի մտավարժանքները

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Բաքվի լրատվամիջոցները այնքան չեն գեներացնում Իլհամ Ալիևի մտավարժանքները, որքան դա մեծ բարեխղճությամբ անում են հայաստանյան որոշ կայքեր։ Ընդ որում՝ հաճախ հօգուտ Ալիևի «թեթևակի խմբագրելով» նրա իսկ ձևակերպումները։ Մեկ օրինակ. Ալիևն ասել է, որ եթե Հայաստանին զինեն, իրենք դա կհամարեն ոչ բարեկամական քայլ և համապատասխան հետևություն կանեն։ «Ոզնուն» էլ պիտի հասկանալի լինի, թե ինչ և ում նկատի ունի նա։ Իսկ հայաստանյան կայքերից մեկը դա ներկայացնում է այսպես. «Եթե Հայաստանը ռազմական ծախսեր կատարի, մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր»։ Ահա այսպես, խոսքով՝ խիստ «հայրենասեր և Արցախի ու Հայաստանի ապագայով մտահոգ» որոշակի շրջանակներ հայ հանրությանը ներշնչում են Ալիևի «ամենակարողության» թեզը։ Ինչու՞։ Եվ ո՞վ է ուղղորդում, սինխրոնացնում հանրային-պետական իմունիտետը ոչնչացնող այդ քարոզչությունը։ Մի՞թե Հայաստանի պատկան մարմիններին դա չի հետաքրքրում, կամ նրանք այնքան ոչ պրոֆեսիոնալ են, որ չեն արձանագրում երևույթը ու չունեն հակազդեցության գործիքակազմ։ Իսկ գուցե չկա՞ պետական պատվեր, և իշխանություն-ընդդիմություն «սուր դիմակայությունը» միայն նույն ռեժիսորի բեմադրած թատրո՞նն է»։