Տեսակետ

Ի՞նչ ենք մենք ուզում Արցախի հարցում, հստակ չի

Լրագրող Գևորգ Թոսունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«ժամանակին մի փորձագետ կար, գնում էր խմբագրություններ, Արցախի քարտեզն էր բաժանում, այդ թվում՝ 7 շրջանները ներառված, ու ասում էր՝ «սրանից հետո սենց»։ Եթե մեկն էլ համարձակվում էր ասել՝ «ախպեր, բայց էն 7 շրջանները, կարծես, ոչ մեկը չի ճանաչում մերը կամ անկախ Արցախի կազմում, անգամ մենք պաշտոնապես չենք ճանաչում», միանգամից հարձակում էին վրան։ Սենց, առնվազն 27 տարի մենք Արցախի ճանաչումը ամրագրել էինք բացառապես հայաստանյան ներպետական քարտեզներում ու հայաստանցիների մի հոծ խմբի մտածողության մեջ, իսկ աշխարհն այլ պատկերացում ուներ, բայց ոչ մեկը դա չէր նկատում ու ոչ էլ ուզում էր նկատել, քանի չեկավ պատերազմն, ու ավերակների մեջ կանգնեցին, հարցրին՝ ինչո՞ւ աշխարհը մեզ չի լսում։ Մեզ՝ լրագրողներիս, տանում էին «Եղնիկներ», լավ բնագիծ ցուցադրում, նկարահանվում, բայց Արցախի մյուս պաշտպանական գծերն անմխիթար վիճակում էին, Արցախի վերաբնակեցման մասով ոչինչ չէր արվում, փոխարենը քարտեզում՝ էդ յոթ շրջանը ու Արցախի մնացած հատվածները մերն էր, բացառապես մերը։ Քարտեզային, վիրտուալ մտածողությամբ Արցախը հասավ պատերազմի։

Վերջերս «Ազատությանը» որոշ խմբեր գամեցին անարգանքի սյունին՝ մի տեխնիկական խնդրի պատճառով, որի համար լրատվամիջոցը ներողություն էր խնդրել։ Բայց ոչ ոք կրկին չփորձեց խորամուխ լինել պարզ հարցի մեջ՝ արդյո՞ք միջազգային հանրությունը կամ, թեկուզ, Ռուսաստանը, կամ, գոնե, մենք, Արցախը ճանաչում են որպես առանձին միավոր։ Արդյո՞ք Արցախը մերն է, ի վերջո։ Կարելի՞ է արդյոք սենց պահերին էս հարցերը տալ ու ստանալ հստակ պատասխան, քանի որ նախկինում չէինք տվել ու պատասխանները ստանում էինք ավերված գյուղերում ու քաղաքներում։ 

Արցախի ճանաչումն, ըստ էության, ի՞նչ է մեզ համար՝ վերջնական նպատա՞կ, թե՞ վերջնանպատակին հասնելու միջոց։ Ի վերջո, 88-ին «միացում» էին գոռում, այդ հետո, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դարձավ «անջատում՝ հանուն փրկության»։ Ու ամենակարևոր հարցը՝ ո՞վ ասաց, որ, աշխարհաքաղաքական էս ծայրահեղ բևեռացման պայմաններում, երբ Ռուսաստանն ու Արևմուտք-ԱՄՆ-ն լրջագույն կոնֆլիկտի մեջ են, որևէ մեկը երկրորդ կողմից կճանաչի ռուսական ազդեցության գոտի համարվող Արցախի անկախությունը։ Մի փոքր էլ ոչ կարևոր հարց՝ իրո՞ք մարդիկ դեբիլ են, որ չեն հասկանում՝ ինչ է տեղի ունենում շրջապատում։

Էս բոլոր հարցերի պատասխանը ստանալու կամ իշխանությունից պահանջելու փոխարեն դաշտ է նետվում դրոշի թեման։

«Հայաստան» դաշինքի, ՀՀԿ-ի պատգամավորներ, քաղաքական գործիչներ էստեղ-էնտեղ են գնում, դրոշ դնում, նկարվում ու «դավաճան-հանցագործ» անվանում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն հարցնել՝ «էս ինչի եք անում, ընկերներ, իմա՞ստը»։ 

Նորից թեման տեղափոխվում է վերոնշյալ քարտեզի տիրույթ, բովանդակության մասին, բնականաբար, ոչ մեկը չի խոսում, ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը՝ փորձելով հանրությանը պահել առնվազն 26-ամյա պատրանքային իրականության թմբիրում, մի իրականություն, որը 2020-ի պատերազմից հետո պարզապես պայթեց։

Մյուս կողմից՝ իշխանությունն էլ առանձնապես անկեղծ չի հանրության հետ. ի՞նչ ենք մենք ուզում Արցախի հարցով, հստակ չի։ Պատերազմի ժամանակ գոնե կային հստակ մոտեցումներ, հիմա ամեն ինչ լղոզված է, ոչինչ չես հասկանում»։