Պատմաբան, հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Տավուշում ամուսիններ են ինքնասպան եղել։ Ի դեպ, ունեցել են երկու մանկահասակ երեխա։ Կայքերից մեկը պատմում է, որ կինն այլ տղամարդու հետ սիրավեպ է ունեցել, հետո դա իմացել են։ Հարդյունս՝ մերժվել է թե ամուսնու կողմից, թե հորական ընտանիքի։ Ինքնասպան է եղել, որից հետո ամուսինն է ինքնասպան եղել, որը շատ է սիրել կնոջը։ Որբացել են երկու մանկահասակ երեխա։ Հավերժ վշտի մեջ է մնացել երկու գերդաստան։
Մի կողմ դնենք, որ յուրաքանչյուր ոք սխալական է, ու մեզնից ցանկացածն ինքն է որոշում ներման աստիճանը։
Հիմա հարց։ Այս ընտանիքի դաժան ողբերգությունն ինչու՞ պետք է հանրային սեփականություն դառնա։ Ինչի՞ ենք քթներս խոթում ուրիշի ներքնազգեստից էլ անդին։ Ինչու՞ ենք ստեղծում նարատիվներ, որոնց արյունոտ ձեռքերում խեղվում են բազմաթիվ մարդիկ։ Եվ ինչու՞ մենք պետք է տեղյակ լինենք երկու գերդաստանին պատուհասած ողբերգության դաժան մանրամասներից։
Երբ ես խմբագիր էի, երբեք լուր չենք տվել մարդկանց անձնական ողբերգությունների ու ինտիմ կյանքի մասին։ Կարմիր գծեր կան, որ իրեն հարգող խմբագիրը, լրագրողը չպետք է հատի»։