Տեսակետ

Արցախում Մոսկվան ադրբեջանցիներին սադրանքների կդրդի

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ Լավրովը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չեղարկվել է, քանի որ Արևմուտքը չի ուզում Մոսկվայի հետ գործ ունենա: Հաջորդ օրը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը ժամանում է Երևան և պնդում, որ Մինսկի խումբը լավ էլ կա ու գործում է: Փաստացի, Մոսկվային են հեռացրել արցախյան կարգավորման դիվանագիտական հարթակից, ոչ թե հարթակն են փակել, և դա արել է Արևմուտքը, ոչ թե՝ Ալիևը, ինչպես պնդում էին Մոսկվայի գործակալները Հայաստանում: 

Ըստ տրամաբանության՝ Մոսկվան հիմա պիտի ցույց տա, որ իրենց Արցախի խնդրից հեռացնել հնարավոր չէ: Հետևաբար, Արցախում պետք է ադրբեջանցիներին սադրանքների դրդել: Երեկ Փարուխի մոտ գտնվող Սարդարաշենի համայնքապետը հայտարարեց, որ ադրբեջանցիները առաջացել են գյուղի ուղղությամբ: Այս լուրը հետո հերքվեց, թեպետ այն ամբողջովին արտացոլում էր իրականությունը: Ավելին, երեկ մեր տղերքից մեկը ոտքի վիրավորում է ստացել՝ Փարուխից արձակված դիպուկահարի կրակոցից: Այս լուրը առհասարակ կոծկվեց: Ակնհայտ է, որ Եվրոպան փորձում է իրավիճակը հանդարտ պահել, ինչն էլ պատճառ է հանդիսանում այս տեղեկատվական բլոկադայի: 

Տրամաբանությունը հուշում է, որ Մոսկվան այնպիսի սադրանք պիտի կազմակերպի, որն Ադրբեջանին կդրդի՝ գնալ ավելի հուժկու գործողության: Գործողության, որի պարագայում կընդգծվի ռուսների կարևոր դերը՝ իրավիճակը կայուն պահելու գործում: Մոտավոր հասկանալի է, թե ինչ է նախաձեռնելու Մոսկվան, մնում է տեսնել՝ կարձագանքի՞ արդյոք Ալիևը»։