Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
««5-րդ ալիք» հեռուստատեսության հանդեպ վարչական տույժ կիրառելու՝ ՀՌՀ որոշումը խեղաթյուրեց այդ ալիքի ղեկավարը իր ֆեյսբուքյան գրառումներով և հարցազրույցներով: Խեղաթյուրեց իրեն բնորոշ մանիպուլյացիաներով ու կեղծիքներով: Ուստի, ստիպված եմ ևս մեկ անգամ պարզաբանել որոշման պատճառն ու հիմքերը:
Հեռուստատեսությունը տուգանվել է եթերով գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածելու համար: Կիրակնօրյա լրատվական-վերլուծական (sic!) հաղորդման ժամանակ էկրանին ցուցադրվել են բառեր, որոնց թվում են (կներեք վերարտադրելու համար) ԲՈԶ, ՉԱԹԼԱԽ, ԲՈԶԻ ՏՂԱ: Որոշման հիմքը Հանձնածողովի կողմից ընդունված կարգն է, որով սահմանվել էին «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորորոշիչները», և այդ «կեղտոտ» բառերի օգտագործումը եթերում խախտել է չափորոշիչների մի քանի հոդված: Խախտումների համար հեռուստատեսությունը տուգանվել է: Ամեն ինչ շատ պարզ է:
Մնացած «բայաթիները», ընդդիմադիր մամուլը ճնշելու, էրոտիկայի և մանկապղծության վերաբերյալ զառանցանքները, «բա ուրիշների մոտ ինչի չեք նկատում» մանկական արդարացումները, սպառնալիքները, թե բա՝ քիչ մնաց, և այլն, անտեղյակների կամ մտավոր ունակությունների հետ խնդիր ունեցողների համար են:
Կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մարդիկ իրենց տանը՝ կանանց և երեխաների ներկայությամբ, խնդիր չեն տեսնում՝ օգտագործել այդ բառերը, և դա իրենց անձնական գործն է: Բայց Հանձնաժողովի անդամները, համապատասխան ստորաբաժանումները, մշտադիտարկողները, իրավաբանները թույլ չեն տալու՝ հանրային մուլտիպլեքսում լեգիտիմացնել հայհոյանքը և վերածել այդ հանրային տարածքն ախոռի:
Ցավում եմ, որ հեռուստաալիքի ղեկավարը չի կարողանում ընկալել, որ ՀՌՀ նախագահը որոշումները միանձնյա չի ընդունում, որոշումներ ընդունելու համար «վերևների» հետ չի խորհրդակցում, այնտեղից հրահանգներ չի ստանում: Հասկանում եմ, որ ժամանակին Հանձնաժողովում աշխատելիս չի ունեցել ինքնուրույն որոշումներ ընդունելու փորձ, համարձակություն: Բայց, կարծում եմ, մի քանի տարին պետք է բավարար լիներ՝ տեսնելու և հասկանալու Հանձնաժողովի գործունեության արմատական փոփոխությունը:
P.S. Ինձ ապշեցնում է, որ եթերում հայհոյելու սրբազան իրավունքը պահանջում են, հավանում են, քաջալերում են, պաշտպանում են իրենց «ազգային արժեքների կրող» համարողներն ու կանայք:
P.S.-2 Անձնական վիրավորանքներին կպատասխանեմ այլ տեղ և այլ ձևաչափով: Իրենց լրագրող համարող կիսագրագետ ու անպետք փսլնքոտները, հուսով եմ, այսուհետ կոռեկտության սահմաններում կգրեն ոչնչի մասին իրենց տեքստերը»: