«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունների մասին
✓ Եռակողմ հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։
✓ Բանակցություններին հաջորդել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունը։
✓ Կարևորվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
• Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Քարագլուխ բարձունքի զբաղեցված դիրքերից` չի մանրամասնվում։
✓ Գերության մեջ պահվող անձանց և անհետ կորածների խնդիրները նույնացվել են` կարևորելով դրա համակողմանի լուծումը։
• Ենթադրվում է, որ առաջիկա օրերին ռազմագերիներ կվերադարձվեն Հայաստան։
✓ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է` սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստման աշխատանքները, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։
• պարզ չէ` համաձայնեցվե՞լ է խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգը։ Արդյո՞ք դրանում տեղ են գտել ադրբեջանական 5 առաջարկությունները, թե՞ դրանք լրացվել են պաշտոնական Երևանի առաջարկություններով։ Ամեն դեպքում՝ Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։
✓ դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու նպատակով որոշվել է՝ մինչև ապրիլի վերջը ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը նաև ապահովելու է կայուն, անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով ու մերձակայքում։
• Միշելի հայտարարության մեջ այս դրվագում հղում է արվում Սոչիի՝ 2021թ-ի նոյեմբերի 26-ի հայտարարությանը, բայց ոչինչ նշված չէ դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացում Ռուսաստանի հնարավոր դերակատարության մասին, թեև՝ Մոսկվայից պարբերաբար ակնարկվել է, որ հանձնաժողովը պետք է եռակողմ լինի։
✓ ողջունվել է ապաշրջափակման հարցը, երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը, կարևորվել է ճանապարհային կապերի վերականգման համար լուծումներ գտնելը։
• Այս հարցում, թերևս, էական նորություններ չկան, որովհետև այսքանն ամրագրված էր նաև Միշել-Փաշինյան-Ալիև՝ նախորդ հանդիպման ժամանակ
Եվ, վերջապես, բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարևոր է երկու հանգամանքի արձանագրում` ա) գլոբալ հակադրության լոկալացումը մեր տարածաշրջանում միայն խորացնելու է էսկալացիան
բ) առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության՝ մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ-ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման»։