«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանին և յուր թիմին ի պատասխան, Փաշինյանին՝ ի գիտություն.
Եթե 2013 թ․ Հայաստանի ոչ բարով իշխանությունները մի գիշերվա մեջ չփոխեին երկրի եվրոպական վեկտորը և ԵԱՏՄ չտեղավորեին, 2020-ին մենք չէինք ունենա նման ողբալի վիճակ։ ԵԱՏՄ կոչվող ճահիճը մտաք՝ հիմքում դնելով Արցախի անվտանգությունը։ Եթե անգամ 2013-ին ԵԱՏՄ չմտնելու արդյունքում Ադրբեջանը հարձակվեր, ինչին խիստ կասկածում եմ, ապա վստահաբար կարող եմ ասել, որ այդ ժամանակվա Ադրբեջանն իրենից մեծ սպառնալիք չէր ներկայացնում։
Որպեսզի ավելի պարզ լինի վերոնշյալը, պետք է խորությամբ ուսումնասիրել SIPRI-ի կայքը, և կտեսնեք, որ 2013-ից սկսած է Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել մեծ քանակությամբ ՏՈՍ-1, Սմերչ, T90-S տանկեր, հակատանկային «Բաստիոն» համակարգեր և այլն։ Այսինքն, նույնիսկ Կրեմլի պահանջը կատարելով՝ Հայաստանը մտավ մի ճահիճ, որտեղ ոչ տնտեսական զարգացում կար, ոչ էլ անվտանգության ապահովում, փոխարենը՝ ավելի խորը ու համապարփակ շրջապատվեց Ադրբեջանի դաշնակիցներով։
Ասել կուզեմ՝ լռե՛ք, եթե ժամանակին, ի թիվս այլ որոշումների, Հայաստանը դուրս բերեիք ռուսական ճահճից, այսօր կունենայինք լրիվ այլ իրավիճակ։
Նույնն ասում եմ օրվա իշխանություններին. միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան՝ մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք»։