Տեսակետ

Հայաստանն իր մտածողությունը չպետք է պարփակի Ռուսաստանով կամ Թուրքիայով

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայկական պետականության «առաքելությունը» կամ «գործառույթը» հասցվում է Կովկասում կա՛մ Թուրքիային, կա՛մ Ռուսաստանին «ծառայելու», «սպասարկելու» աստիճանի: Կասկած չկա, որ մեր ռեգիոնը, մեծ հաշվով, պարփակված է այդ երկու խաղացողների սխեմայի մեջ, ընդ որում, բավականին կայուն գործող, որը, խոշոր հաշվով, շահեկան է դիտվում նաև մյուս խոշոր խաղացողի՝ ԱՄՆ-ի համար, որը ռուս-թուրքական այդ սխեմայի միջոցով դիտարկում է իրավիճակի լայն կառավարելիության՝ առավել օպտիմալ հնարավորություններից մեկը: 

Սակայն, այդ հանգամանքը առավել ևս պետք է ստիպի, որ հայկական քաղաքական միտքն աշխատի հայկական պետականության նշանակության, ֆունկցիոնալ կարևորության ու դերակատարման՝ առավել հավասարակշռված բովանդակություն և բանաձևեր գտնելու ուղղությամբ, ոչ թե՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև «կամ-կամ»-ի ձևավորման վրա: 

Հայաստանն իր մտածողությունը չպետք է պարփակի Ռուսաստանին կամ Թուրքիային ճանապարհ տալու կամ չտալու շրջանակում: Ի վերջո, այն, ինչ կա մեր գլխում, ժամանակի ընթացքում «գալու է մեր գլխին»: 

Հետևաբար, այո, հաշվի առնելով խիստ բարդությունները, որ կան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր ռեգիոնում, մենք առավել ևս ստիպված ենք մեծ ջանք գործադրել՝ նախ մեր գլխից «կամ-կամ»-երը հեռացնելու, իսկ հետո նաև՝ Հայաստանը «կամ-կամ»-երից հեռացնելու համար: 

Առավել ևս, որ, լայն հաշվով, Ռուսաստանն ու Թուրքիան իրենք են որոշում Կովկասում «միմյանց ճանապարհները», և այդ հարցում Հայաստանին ավելորդ հարցեր չեն էլ տալիս, այլ պարտադրում են որոշումներ»: