Տեսակետ

Դաշնակցությունը այդպես էլ չհասկացավ

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Դաշնակցությունը համարում է, որ 1998-ին իրենք փրկեցին Արցախը ու քսանամյա խաղաղություն բերին երկրին։

Փաստորեն, այս մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ռազմաքաղաքական առումով ինչ է նշանակում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը։

Հասկանալի է, որ պարտված պատերազմի ֆոնի վրա, որտեղ դու քաղաքական պատասխանատվություն չես կրում, հեշտ է գալ ու հերոս ձևանալ, բայց դա չի նշանակում, որ ձեր ապաքաղաքական տեքստերը պետք է անպատասխան մնան։

Առաջին ողբերգական փաստը այն է, որ այդ քսան տարիների ընթացքում զոհվել են հարյուրավոր զինծառայողներ, որի մասին շատերը չեն ուզում խոսել։

Երկրորդ փաստը այն է, որ այդ ստատուս քվոյի ընթացքում Հայաստանի աշխարհաղաքական նշանակությունը կամաց-կամաց նվազեց, որովհետև Հայաստանը դուրս մնաց գլոբալ նշանակության բոլոր կոմունիկացիոն ծրագրերից, այսինքն՝ Հայաստանին շրջանցեցին երկաթգծերը, նավթամուղերն ու գազամուղերը, իսկ Ադրբեջանը այդ նույն ժամանակահատվածում դարձավ այդ բոլոր կոմունիկացիոն հանգույցների գլխավոր դերակատարն ու մատակարարը, որը շատ մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն Արևմուտքի, այլև՝ Ռուսաստանի համար։

Երրորդ՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»՝ նշանակում է սպառազինությունների մրցավազք, որտեղ մեծամասամբ շահող է դուրս գալիս այն կողմը, որը ունենում է անսահմանափակ կապիտալ հնարավորություններ։ Բայց դուք ոչ միայն այդ փաստը հաշվի չեք առել, նաև, զուգահեռաբար, կոռուպցիան տարել եք բանակ, գեներալներին քաղաքականացրել, զինվորական կրթությունն էլ՝ թողել սովետական ժամանակների պատկերացումների վրա։

Չորորդ փաստը արցախյան առաջին հաղթական պատերազմի գլխավոր կազմակերպչի  քաղաքական սպանությունն էր ողջ աշխարհի աչքի առջև, որը ձեր ղեկավարած ԱԱԾ-ն չկանխեց։

Հինգերորդ փաստը կործանարար չափերի արտագաղթն է եղել, որը լրջագույն դեմոգրաֆական խնդրի առաջ է կանգնեցրել երկիրը, իսկ այն, հուսով եմ, հասկանում եք, թե ինչ է նշանակում պաշտպանական համակարգի համար։

Վեցերորդ՝ հասարակական ու քաղաքական կյանքի մշակութային բարոյազրկում, երբ դասախոսն ու ուսուցիչը, գողականն ու թաղային խուժանը դարձան մեկ ամբողջություն։

Թե բա՝ խաղաղություն ենք բերել»։