ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչպես հասկացա ելույթից, 1992թ․ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, հրամանատարներին նշանակողները, որոշումներ կայացնողը եղել են իրենք։ Բայց չեն ասում, թե այդ «մենք»-ն ովքեր էին։ Էլ չասած՝ որ Իշխան Սաղաթելյանը, ինձ նման, պետք է պատանի եղած լիներ։
Տեսնես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն ի՞նչ են մտածում։ Դե, Վազգեն Սարգսյանին, Յուրա Բախշյանին, Արմենակ Արմենակյանին ու մյուսներին չեն թողել, որ «մտածեն» նորահայտ հրամանատարների ու հերոսների պատմական ինքնավերագրումների մասին։
Մեկ էլ զարմացնում է, որ թիրախավորում են «խաղաղության» կուսակցությանը՝ Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին՝ պատերազմն ու դրա արդյունքները համարելով այդ քաղաքականության արդյունք։ Այսինքն, մտածում են, որ ուժերի ու ռազմավարական նման բալանսի դեպքում մենք հաղթելո՞ւ էինք Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ու սիրիական վարձկանների միացյալ ջոկատներին, Ռուսաստանի ադրբեջանահաճո դիրքորոշմանը, Իրանի պրոադրբեջանական նախաշնորհավորական լռությանը, Թրամփի քարոզարշավային անտարբերությանն ու եվրոպայի կովիդային ինքնամեկուսացմանն ու թուլությանը, ռուսական, բելառուսական, իսրայելական ու թուրքական սպառազինությանը։ Այդ դեպքում, ինչո՞ւ 2016-ին կրկին կորցրեցինք։
Մի՞թե քաղաքական թիմին պատկանելությունը երբեմն այս վիճակին է հասցնում բանականությունը»։