«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Որևէ կասկած չկա, որ մեր ռեգիոնը մեծ հաշվով պարփակված է Ռուսաստանի և Թուրքիայի՝ այդ երկու խաղացողների սխեմայի մեջ, ընդ որում՝ բավականին կայուն գործող, որը խոշոր հաշվով շահեկան է դիտվում նաև մյուս խոշոր խաղացողի՝ ԱՄՆ-ի համար, որը ռուս-թուրքական այդ սխեմայի միջոցով դիտարկում է իրավիճակի լայն կառավարելիության առավել օպտիմալ հնարավորություններից մեկը:
Սակայն, այդ հանգամանքը առավել ևս պետք է ստիպի, որպեսզի հայկական քաղաքական միտքն աշխատի հայկական պետականության նշանակության, ֆունկցիոնալ կարևորության ու դերակատարման առավել հավասարակշռված բովանդակություն և բանաձևեր գտնելու ուղղությամբ, ոչ թե Ռուսաստանի ու Թուրքիայի միջև «կամ-կամ»-ի ձևավորման վրա:
Հայաստանը նվազագույնն ինքն իր մտածողությունը չպետք է պարփակի Ռուսաստանին կամ Թուրքիային ճանապարհ տալու կամ չտալու շրջանակում: Ի վերջո այն, ինչ կա մեր գլխում, խոշոր հաշվով ժամանակի ընթացքում «գալու է մեր գլխին»:
Հետևաբար, այո, հաշվի առնելով խիստ բարդությունները, որ կան այդ առումով ինչպես աշխարհում, այնպես էլ մեր ռեգիոնում, այդուհանդերձ մենք առավել ևս ստիպված ենք մեծ ջանք գործադրել նախ մեր գլխից «կամ-կամ»-երը հեռացնելու, իսկ հետո նաև այդպիսով Հայաստանը «կամ-կամ»-երից հեռացնելու համար:
Առավել ևս, որ լայն հաշվով, Ռուսաստանն ու Թուրքիան իրենք են որոշում ու վճռում Կովկասում «միմյանց ճանապարհները», և խոշոր հաշվով այդ հարցում Հայաստանին ավելորդ հարցեր թերևս չեն էլ տալիս, այլ պարտադրում են որոշումներ: Հետևաբար, այդ մեխանիզմից դուրս գալու համար առավել ևս անհրաժեշտ է դուրս գալ «կամ-կամ»-ի դիլեմայից: Դա բարդ է անշուշտ, բայց այլ անելիք ոչ միայն չկա, այլև չկա այլ անելիքի իմաստն անգամ»: