Տեսակետ

Ռուսների գնալուց հետո ահասարսուռ իրավիճակ Կիևում

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Կիևի ճակատամարտը ավարտված է: Ռուսները Կիևում պարտված են:

Ուկրաինացիների ճնշման տակ ռուսները շարունակում են լքել Կիևի շրջանը:  Այն, ինչ երևում է նրանց գնալուց հետո, ահասարսուռ է: Տասնյակներով խոցված ռուսական տանկեր ու զրահամեքենաներ, անմեղ քաղաքացիական անձանց տասնյակ դիակներ` թափված փողոցներում, ձեռքերը կապած գերիներ՝ վզից կրակած, մերկ կանանց դիակներ՝ վրաները անվադողեր դրած: Ամենուրեք` պատերազմական հանցագործության հետքեր:  

Հիմա ոմանք կասեն՝ «բա ի՞նչ գիտես՝ սարքած չի»: Ես այնքանով դա գիտեմ, որքանով այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի գլուխները կտրելու վիդեոները սարքած չեն: Ոչ ավել, ոչ պակաս: Բայց ավելին. իսկ ինչու՞ սա պետք է սարքած լինի: Այդ ի՞նչն է խոսում նրա օգտին, որ ռուսները իսկապես խստորեն բռնում ու պատժում են իրենց պատերազմական հանցագործներին: Չեչնիայի պատերազմի փո՞րձը, որտեղ տասնյակ հազարավոր հանցագործություններից հետո մեկ հատ Բուդանով բռնեցին ռուսական ռամիլսաֆարոֆին, որը ընդունեց, որ, այո, բռնաբարել ու սպանել է, ու լավ է արել, ու վերջում, անգամ, իրեն համեստ պատժից հետո ազատ արձակեցին, որպես «հերոսի»: Այս ամենից հետո ինչու՞ պետք է ռուս զինվորը խորշի անմեղ քաղաքացի սպանելուց կամ բռնաբարելուց:

Եվ ամենաահավորը սա չէ, այլ՝ այն, որ այս հարբած, ինքն իրեն չկառավարող, մի անասնություն մյուսի ետևից անող վայրենին հենց մեր «ռազմավարական գործընկերն է»: Ու այն, որ մենք ոչ մի ընտրություն չունենք:

Թե սա ինչքան վատ է անդրադառնալու Հայաստանի ու, հատկապես, Արցախի վրա, ինքներդ կարող եք պատկերացնել»: