Տեսակետ

Big Mac բուրգերի գնի մակարդակը առանձին երկրներում

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ազգային տնտեսություններում գների մակարդակը և ազգային արժույթների իրական գնողունակությունը (Purchasing power parity, PPP) գնահատելու համար 1980-ականներից կիրառվող ոչ պաշտոնական ցուցիչը «Մակդոնալդս» արագ սննդի ցանցի Big Mac բուրգերի գնի մակարդակն է՝ ըստ առանձին երկրների, կամ, այսպես կոչված, Big Mac Index-ը։ Այս ցուցիչի միջոցով հնարավոր է գնահատել ազգային արժույթների իրական փոխարժեքները ֆինանսական շուկայում և պարզել, թե դրանք որքանով են ԱՄՆ դոլարի նկատմամբ տվյալ պահին գերագնահատված կամ  թերագնահատված։

 Այսպես, ըստ Big Mac Index-ի՝ Big Mac-ի ամենաէժան գինը Ռուսաստանում է՝ 135 ռուբլի կամ $1.57 (ներկա փոխարժեքով՝ 1$=85,75 ռուբլի), այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այն արժի $5.81: Փաստացի, ռուբլու իրական փոխարժեքն այս պահին արժութային շուկայում թերագնահատված է -73%-ով ((1,57-5,81)/5,81), այլ կերպ ասած՝ իրական փոխարժեքը պետք է լիներ 1$= 23,15 RUB։ Այս պահին ռուբլին ամենաթերագնահատված արժույթն է։ Հաջորդ թերարժևորված արժույթն, ըստ այս ցուցիչի, թուրքական լիրան է՝ 68%-ով։

Ըստ Big Mac-ի՝ ամենագերագնահատված արժույթը շվեյցարական ֆրանկն է՝ 20,2%-ով։ Շվեյցարիայում Բիգ Մակի գինը $6,98 է, ինչն աշխարհի մակարդակով ամենաբարձր գինն է։ Հաջորդը նորվեգական կրոնան է՝ 10%-ով։

Ինչպես նշեցի, Big Mac-ով գնահատվում է նաև գնաճի մակարդակն՝ ըստ երկրների։ Ըստ վերջինիս՝ 2004-2022թթ․ ժամանակահատվածում գնաճը ԱՄՆ-ում կազմել է 100%, Կանադայում՝ 129%, Իսրայելում՝ 92%, Եվրոզոնայում՝ 51%, Մեծ Բրիտանիայում՝ 43%, Շվեդիայում՝ 47%, Չինաստանում՝ 205%, Ուկրաինայում՝ 79%, Ռուսաստանում՝ 20%»։