Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանում անցկացվում է «ԱրմՀայԹեք» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային երրորդ ցուցահանդեսը:
Տնտեսագիտության և ռազմարդյունաբերության մասնագետ չեմ, սակայն ունեմ համոզում, որ ռազմարդյունաբերության՝ հնարավորինս արագ և կայուն զարգացման համար մենք ունենք խոշոր «լոկոմոտիվ գործընկերոջ» կամ գործընկերների անհրաժեշտություն: Առանց դրա էլ, անշուշտ, հնարավոր է աշխատել, բայց այդ դեպքում մեր ընթացքը կլինի դանդաղ:
Խոշոր լոկոմոտիվի հարցում բախվում ենք մեզ հայտնի իրողությունների, որոնց հաղթահարումը մեզանից պահանջում է հմուտ դիվանագիտական ջանք: Բայց, դրան զուգահեռ, մեզանից պահանջվում է բուն «ոլորտային» մասնագիտական մեծ ներուժ: Խոսքս գիտատեխնիկականի մասին չէ, այլ՝ տնտեսական, արդյունաբերության կազմակերպման, որոնք պետք է մեկտեղվեն դիվանագիտականի հետ ու փոխլրացնեն միմյանց:
Սա բարդ խնդիր է, և մեծ-մեծ խոսելով չէ: Եվ այստեղ որքան քիչ խոսվի, այնքան՝ ավելի լավ»: