«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մոսկվայի պրոպագանդան հերթական հանճարեղ թեզն է շրջանառում, թե՝ «Արցախում տեղի ունեցողը նենգ անգլիացիների շինածն է», ու, որպես ապացույց, բերում այն փաստը, որ երեկ Բաքու էր ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարը: Իմ կողմից ավելացնեմ, որ Փարուխն ու Քարագլուխը հանձնելուց երկու օր առաջ Բաքու ժամանած ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի խաղաղապահ գծով տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմին նույնպես անգլիացիք էին գործուղել:
Անգլիացիք նաև ստիպել են ռուս խաղաղապահներին՝ հեռացնել հայերին իրենց դիրքերից ու ԲՏՌ-ով պաշտպանել վրա հասած ադրբեջանցիներին:
Անգլիացիք ստիպել էին ռուսներին՝ չորս օր շարունակ խաբել՝ պնդելով, որ ադրբեջանցիք նահանջել են:
Անգլացիք ստիպել էին ՌԴ ՊՆ-ին՝ պահանջել Ադրբեջանից վերադառնալ ելման կետեր, որտեղ նրանք արդեն, իբր, վերադարձել էին՝ ըստ Մոսկվայի քարոզիչների:
Անգլիան է նաև մինչ օրս ստիպում, որ ՌԴ խաղաղապահները ոչինչ չձեռնարկեն՝ այդպես էլ չնահանջած Ադրբեջանին սաստելու համար:
Ասեմ ավելին՝ հենց Անգլիան է ստիպել, որ Մոսկվան անպիտան ու անիմաստ խաղաղապահ մտցնի Արցախ, որը միայն կզինաթափի հայերին ու կհայաթափի գյուղերը:
Տո, որ ուզում եք իմանաք, հենց Անգլիան է դրդել Ադրբեջանին՝ հարձակվել Արցախի վրա, ու նույն Անգլիան թույլ չի տվել ռուսներին՝ մեզ նորմալ աշխատող ՀՕՊ մատակարարել:
Պատերազմից հետո Անգլիան ստիպեց Օնիկ Գասպարյանին՝ հայտարարել, որ ամեն ինչ պետք է ընթանա սահմանադրական ճանապարհով: Հետո Անգլիան ստիպեց Օնիկին՝ ռուսական Իսկանդերի խաթեր հրաժարական տալ:
Նույն Անգլիան է պարտադրել, որ Քոչարյան Ռոբերտը լեգիտիմացնի Փաշինյանին, այնպես, ինչպես պարտադրել էր Կարեն Կարապետյանին՝ Սերժից իշխանությունը վերցնել, փոխանցել Փաշինյանին և փախչել: Թե՛ Օնիկին, թե՛ Կարապետյանին հենց Անգլիան ստիպեց՝ ընտրություններին Քոչարյանի համար բուկլետ բաժանել:
Դե, բնական է, Կարապետյանին՝ վարչապետ, Գևորգյան Արմենին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ Ալեքսան Հարությունյանին՝ տեղեկատվական վարչության պետ էր նշանակել նույնպես Անգլիան: Այս ամենի համար պատճառ դարձած ՊՊԾ-ի գրավումը նույնպես Անգլիան է կազմակերպել: Անգլիան էր նաև ստիպել Սեյրան Օհանյանին՝ փողոցներում վանկարկել «Սաս-նա ծը-ռե՜ր»:
Դե, բնական է, Քոչարյանին Մարտի 1-ից և բազմաթիվ այլ գործերից մաքրել է նույն Անգլիան, մինչդեռ ՄԻԵԴ-ը, Անգլիայի կամքին հակառակվելով, մեղադրական վճիռ է կայացրել Քոչարյանի դեմ:
Կարո՞ղ եք գուշակել՝ ո՞վ է Մոսկվային ստիպել՝ դաշինք կնքել Ադրբեջանի հետ դե ֆակտո 2007 թվից, իսկ դե յուրե՝ 2022... Դե, իհարկե, Անգլիան: Անգլիան նաև Պուտինի գլխին զենք դրեց ու ստիպեց հայտարարել, որ այդ դաշինքը տեղի չէր ունենա, եթե 44-օրյա պատերազմը չավարտվեր այնպես, ինչպես ավարտվել է:
Գետինը մտնես դու, Անգլիա՛»։