«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հաղորդագրությունից, Բայդենի ադմինիստրացիան առաջարկել է Կոնգրեսին՝ գրեթե կիսով չափ կրճատել Հայաստանին նախատեսվող օգնությունը՝ 45-ից հասցնելով 24 մլն դոլարի, և չեղարկել օգնությունն Արցախին: Բացի այդ օգնությունից՝ ադմինիստրացիան համաձայն է Հայաստանին տրամադրել ևս 6 մլն դոլար՝ թմրանյութերի դեմ միջազգային պայքարի և իրավապահ մարմինների կատարելագործման համար: Ամեն դեպքում, անգամ կրճատված տարբերակով (շուրջ 30 մլն դոլար)՝ այդ օգնությունը երեք անգամ ավելին է, քան Ադրբեջանի համար Բայդենի ադմինիստրացիայի հաստատած օգնությունը (9,7 մլն):
Ադրբեջանի համար նախատեսվող ռազմական օգնության մասին որևէ տեղեկություն դեռևս չկա: Չի բացառվում, որ այն չեղարկվի՝ հաշվի առնելով, որ ադմինիստրացիան դեռ Կոնգրեսին բավարարող հաշվետվություն չի ներկայացրել այն մասին, թե Ադրբեջանին մինչև 2020թ. տրամադրված 164 մլն դոլարի ռազմական օգնությունը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության խախտման վրա:
Ես մի քանի պատճառներ եմ տեսնում այս կրճատման համար.
1. Ամենագլխավորը, թերևս, այն է, որ, կտրուկ մեծացնելով օգնությունը Ուկրաինային Բայդենի ադմինիստրացիան կրճատում է գրեթե բոլոր մնացած երկրներին ուղարկվող օգնությունը
2. Հայկական լոբբիստական կառույցների անտարբերությունը Ուկրաինայի խնդիրների հանդեպ կարող են նվազեցնել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա նրանց ազդեցության աստիճանը: Ինձ հայտնի չէ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական ասամբլեայի որևէ հայտարարություն, որը կդատապարտեր ռուսական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ ու կանդրադառնար Ուկրաինայում տիրող հումանիտար աղետին: Ցեղասպանության ճանաչման, դրա համար պատասխանատվության կանչման և հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտությունը բարձրաձայնող կառույցների համար նման կրավորական կեցվածքը ԱՄՆ իսթեբլիշմենթում կարող է տպավորություն ստեղծել, որ հայկական լոբբին ռուսական շահերի ծպտյալ պաշտպանն է, ինչը այսօրվա հակառուսական տրամադրությունների ծավալման և Ուկրաինայի խնդրի հանդեպ ԱՄՆ-ում և, ընդհանրապես, Արևմուտքում, գերզգայունության պայմաններում մեծ հարված է հասցնում Հայաստանի շահերը պաշտպանելուն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Պարզ չէ, թե ինչու են ԱՄՆ հայկական կազմակերպությունները երկյուղում թթու խոսք ասել Կրեմլի հանդեպ՝ չլինելով ՀՀ պետության ներկայացուցիչներ և որևէ պատասխանատվություն չկրելով ՀՀ արտաքին քաղաքականության համար: Նմանապես՝ Հայաստանը որևէ պատասխանատվություն չի կրում նրանց դիրքորոշումների համար, և նրանց աջակցությունը պատերազմի դադարեցման գործին որևէ կերպ չի կարող վնաս հասցնել Հայաստանին, ավելին, կարող է ներկայացվել որպես դժգոհություն՝ Հայաստանի հանդեպ Կրեմլի գործած դավաճանությունների նկատմամբ: Ուստի, նրանց՝ նման կրեմլասեր վարքագիծը ինձ համար էլ է սկսում կասկածելի դառնալ.
3. Ադրբեջանական լոբբիզմի ծավալումը, որը թեև խիստ երիտասարդ է, սակայն, գրագետ աշխատանքի և հակակրեմլյան կեցվածքի շնորհիվ, իր արդյունավետությամբ կարող է համեմատվել հայկական հարուրամյա կառույցների հետ
4. Արցախին տրվելիք օգնության կրճատումը կապում եմ վերջինիս կողմից Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների անկախության ճանաչումը ողջունելու հետ
5. Վերջապես, պետք չի մոռանալ, որ մենք, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ-ի անդամ ենք, իսկ դա շատ ավելի մեծ խարան է Արևմուտքի աչքերում այժմ, մանավանդ՝ Ղազախստանի ու Ուկրաինայի դեպքերից հետո»: