Տեսակետ

«Թուրքիա, թե՞ Ռուսաստան». չկա նման երկընտրանք

Քաղաքագետ Սարո Սարոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Նախկիններ-ներկաներ» կամ «սևեր-սպիտակներ» դիսկուրսը ոչ բարով մեր գլխին կապեցինք, հիմա էլ արտաքին քաղաքական կյանքում պարտադրված ենք «Թուրքիա, թե Ռուսաստան» երկընտրանքի հարցում կողմնորոշում որդեգրել։ Ով մտավ այդ հարցի քննարկման տիրույթ, նա իր ձեռքով մեր պետության գերեզմանն է փորելու։ Չկա նման երկընտրանք, եթե պատրաստ ես ինքնուրույն կառուցել երկրիդ ապագան։ Հայերի կողմից բավարար էր մի ռազմական դիմակայություն Փառուխում, և «Թուրքիա, թե Ռուսաստան» երկընտրանքը հօդս ցնդեց՝ արտաքին ստվերային պայմանավորվածություններն ի չիք դարձնելով։ «Թուրքիա, թե Ռուսաստան» երկընտրանքն այն նույն մեխանիզմն է, որն, արդեն մի քանի տարի, կիրառվում է ներքաղաքական կյանքում՝ ապահովելով կատարյալ տգետների՝ ներկայիս կառավարության գոյությունը։ Ներքաղաքական կյանքում հների՝ ետ գալով վախեցնելով, իսկ արտաքին քաղաքական դաշտում՝ մեր պետական շահերի հաշվին Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու տեսլականը ցուցանելով՝ խնդիր է դրվում հանրային ներուժն այնպես խճճել, որ ընտրություն կատարվի՝ երկու չարիքներից առավել նվազն ընտրելով։ Ընդ որում, երբ նման կերպ արտաքին ուժերը կարողանում են ապակողմնորոշել սեփական ֆոբիաների ձեռքը կրակն ընկած մի ողջ ազգի, ոչ մի դժվարություն չի ներկայացնում երբևէ, երբ իսկապես հարկ կհամարեն արտաքին այդ ուժերը, իշխանության բերեն հենց նույն սևերին, կամ Հայաստանը դարձնեն թուրքական վիլայեթ՝ ձևական պահպանելով անկախությունը խորհրդանշող մի քանի ատրիբուտ։ Իրականում չկա նման երկընտրանք, եթե սեփական ուժերիդ ես ապավինում։ Ինչպես ներքաղաքական կյանքում պետության ներկայիս ղեկավարին՝ կատարյալ պատուհասին փաստի առաջ կարելի է կանգնեցնել՝ դուրս գալով նախկիններ-ներկաներ դիսկուրսից, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ երկու կատարյալ պատուհասներին՝ Պուտինին ու Էրդողանին, կարելի է կանգնեցնել փաստի առաջ՝ պարտադրելով մեր սեփական կամքը ու չտրվելով «Թուրքիա, թե Ռուսաստան» երկընտրանքին։ Փառուխի դեպքերը հենց այդ էին վկայում։ Դա նկատեցին միայն այն մարդիկ, ովքեր ներուժ ունեին՝ չտրվել արտաքին ուժերի կողմից իրենց պարտադրվող մեկնաբանություններին»։