Տեսակետ

Ոգեղեն միտք և կարծրատիպերից հրաժարում

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«1998 թվականին Հայաստանում Իրանի դեսպան Համիդ Ռեզա Էսֆահանին իր պաշտոնավարման ժամկետի ավարտի առիթով քաղաքավարական այց կատարեց ԵԿՄ-ի «Երկրապահ» պաշտոնաթերթի խմբագրություն: Հյուրընկալեցինք ես, որ այդ ժամանակ գլխավոր խմբագիրն էի, և փոխխմբագիր Արթուր Ազարյանը: Ըստ պատշաճի՝ զրույցը դեսպանի հետ, փոխադարձ ցանկությամբ, դարձավ նաև հարցազրույց:

Անշուշտ, շահագրգիռ էի, որպեսզի հիմնական թեման լինի իրանալեզու և թրքալեզու էթնոսների հարաբերությունները: Երբ «հունից հանեցի» պարոն դեսպանին՝ նա, թողնելով դիվանագիտական նրբանկատությունը, հուզված ասաց. «Ավելի շուտ՝ Ադրբեջանը կդառնա Իրան, ինչպես եղել է միշտ, քան Իրանական Ադրբեջանը կդառնա Ադրբեջանի մաս»: Պարոն դեսպանի թույլտվությամբ՝ այդ հատվածը ևս հրապարակեցի թերթում, ինչը միջպետական որոշ անախորժությունների պատճառ դարձավ այդ օրերին:

Ոչինչ չի փոխվում Իրանի պես լուրջ պետությունների պարագայում. նրանք ունեն պետական կայուն աքսիոմներ, որոնցից առաջինը ազգային շահն է: Այդ անփոփոխությունն է նաև մեր քաղաքակրթական դաշնակիցներ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի պարագայում: Սոլիդ ավանդույթներով պետությունների ռազմավարությունը կարող է մի պահ դանդաղել, նույնիսկ սառեցվել, բայց դեն նետվել՝ երբե՛ք:

Սա հիշեցի այսօր, երբ մեզնում ինչ-որ խուճապային տրամադրությունների տրվածներ կան, որոնց հավասարակշռությունից հանել են մի կողմից՝ Ալիևի պես չեկիստորդին, մյուս կողմից՝ ռուսական 200-ամյա խարդավանքը, երրորդ կողմից՝ ռուսակիրթ ու ընդդիմություն խաղացող «բայղուշները»: Աշխարհը չի սկսվում ու ավարտվում ռուսական հակաքաղաքակրթությամբ և Էնվերի ստեղծած Ապշերոնի հանրապետությամբ: Իշխանավորները լավ կանեին, եթե մի փոքր հեռու վանեին իրենց պատած անասնական վախի դողն ու ավելի շփոթահարության մեջ չգցեին մեր հրաշք ժողովրդին: Իսկ ընդդիմադիրները լավ կանեին, որ քիչ նախանձեին իշխանավորներին լափելուն և առայժմ բավարարվեին տասնամյակների լափածը որոճալով: Նրանց երկուսի տերն էլ հոգեվարքի մեջ է, և մեր պետականությունը չէ, որ պետք է մնա տապալվելիք լեշի ծանրության տակ: Ոգեղեն միտք ու կարծրատիպերի շղթաների փշրում - և Հայաստանի ապագան անպատկերացնելի լուսավոր է լինելու»: