Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում.
«Իրավիճակը փոխվում է պատերազմի բռնկումից հետո և նկատելի է, որ Թուրքիայի՝ խաղի մեջ մտնելը խրախուսեց Վաշինգտոնը, ու Մոսկվան որոշեց չընդդիմանալ դրան: Յուրաքանչյուրն ունի իր հաշվարկը, բայց դրանք այս փուլում հանգել են այն կետում, որտեղ Թուրքիան է:
Այս օրերին հնչեց տեսակետ, որ Ադրբեջանի միջոցով սադրանք հրահրելով Արցախում՝ Ռուսաստանին պարտադրեցին ընդունել թուրքական միջնորդությունը: Ինքս այլ տեսակետի եմ: Ադրբեջանը «սադրանքով» արձագանքեց Ուկրաինայի հարցում ռուս-թուրքական գործակցության պրոցեսին, որն, ըստ էության, մեկնարկեց Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակով: Այդ ֆորումին ընդառաջ ձեռք բերվեց առաջին պայմանավորվածությունը՝ Չավուշօղլուի միջնորդությամբ Կուլեբա-Լավրով հանդիպումը, որը տեղի ունեցավ Անթալիայում: Եվ, դարձյալ ուշադրություն, Անթալիայում տեղի ունեցավ նաև Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը: Իսկ այդ ընթացքում, գրեթե զուգահեռ, Ալիևն Անկարայում Էրդողանի հյուրն էր, որտեղ խոսել են ավելի քան 4 ժամ: 4 ժամ խոսում են, երբ կան մեծ անհամաձայնություններ: Հակառակ պարագայում՝ չկա «եղբայր» երկրների ղեկավարների միջև 4 ժամ խոսելու անհրաժեշտություն:
Ալիևին մտահոգում է Ուկրաինայի շուրջ գործընթացում Մոսկվա-Անկարա-Կիև շղթայից դուրս մնալու հեռանկարը, և դա է պատճառը, որ նա որոշեց «խառնել խաղաքարտերը»: Իհարկե, հարց կառաջանա, թե արդյո՞ք Ալիևը կա այդքան: Ալիևն այդքան չկա, իհարկե, եթե չլինի շահերի ու ռազմավարությունների մեծ բախում՝ խոշոր խաղացողների շրջանում: Բայց այդ բախումը կա, հետևաբար, Ալիևը կարողանում է իրեն թույլ տալ նման բաներ:
Ահա, այդ համատեքստում եմ դիտարկում, որ մարտի 28-ին, այսինքն՝ Ստամբուլում ռուսների հետ բանակցությունից առաջ, Զելենսկին զանգահարում է Ալիևին՝ մի կողմից հանգստացնելու, մյուս կողմից՝ ակնկալելու, որ ավելորդ սադրանքով չի խանգարի այդ բանակցությանը: Ի դեպ, այդ համատեքստում էլ ուշադրության է արժանի մարտի 29-ին Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան»: