«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՌԴ ՊՆ-ն ստում է. ադրբեջանցիք հետ չեն քաշվել:
Քարագլուխը հանձնելու պայմանավորվածությունը ադրբեջանցիները ռուսների հետ ձեռք են բերել դեռ մեկ ամիս առաջ: Ուկրաինա ներխուժելուց առաջ Մոսկվան Ադրբեջանին մի շարք զիջումներ է արել, այդ թվում՝ Լաչինը լրիվ հայաթափելը, ինչն էլ տեղի է ունենում հենց հիմա:
Սա այն գինն էր, որ պիտի վճարվեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Բաքվի լոյալության դիմաց: Սա է պատճառը, որ հենց ռուսներն են պահանջել, որ մերոնք դիրքերը լքեն՝ խաբելով, որ դա հայելային է լինելու:
Ի տարբերություն Հին Թաղերի և բազմաթիվ այլ վայրերի ու բարձրունքների, որ ռուսները հայաթափել ու տվել են Ադրբեջանին 44-օրյա պատերազմից հետո, այս դրվագը Մոսկվայի «բկին» կանգնեց: Դա եղավ, քանի որ մի 10-15 հոգի աղմուկ բարձրացրին ֆեյսբուքում, հետո Փաշինյանն անդրադարձավ կառավարության նիստի ընթացքում, այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն երկու կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, ինչին հետևեցին Արցախի նախագահի և պետնախարարի հայտարարությունները: Հաջորդիվ՝ թեմային կպան Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Այս ողջ ընթացքում ռուսական գործակալները կեղծ լուրեր էին տարածում առ այն, որ Փարուխը ազատագրված է, և ոչ մի խնդիր չկա: Այդ քարոզչական ալիքը տապալվեց, և ներխուժման երրորդ օրը ՌԴ ՊՆ-ն, Հայաստանում և Արցախում լուրջ քաղաքական խնդիրներից խուսափելու համար, ստիպված եղավ արձանագրել իրականությունը:
Մեկ օր անց Մոսկվան նորից է փորձում տեղեկատվական գրոհով թեման փակել: ՌԴ ՊՆ-ն ակնհայտ կեղծ հաղորդագրություն է տարածում այն մասին, որ ադրբեջանցիք ետ են քաշվել, և մարտի է նետվում Մոսկվայի ողջ ցանցը, որպեսզի տեղեկատվական դաշտում լռեցնի բոլորին:
Ինձ համար այս իրադարձությունների բոլոր դրվագներն ընկալելի են, բացի մեկից: Հարյուրավոր հայեր, քաջ գիտակցելով, որ Մոսկվան շարունակաբար ստում է ու փորձում կոծկել դիրքերի հանձնումը, միևնույն է՝ ջանասիրաբար լծվում են ռուսական քարոզչության տարածմանը: Ինչ-որ անհաղթահարելի անբարոյականության ներուժ կա էս մարդկանց մեջ, որ դրդում է նրանց՝ հանուն Մոսկվայի հանձնել սեփական հայրենիքը: Նրանք պատրաստ են արդարացնել ցանկացած ստորություն, միայն թե Մոսկվան խնդիր չունենա: Ու մեծ մասն այս ամենն անում է ոչ թե հստակ գումարի դիմաց, այլ այն խոստման, որ իրենց գործերը, կարող ա, մի օր դզվեն, եթե Մոսկվան հաղթող դուրս գա` թեկուզ հայերին փուռը տալով: Էս մարդիկ իմ համար ինչ-որ աներևակայելի կենդանիներ են: Սրանց վեջը չի ոչ մի բան: Հայրենազրկումը և հազարավոր զոհերը սրանց համար լոկ շահարկման մատերիալ են՝ ստատուս գրելու նյութ, պաթոս ցպնելու լավ առիթ:
Ու էսօր, երբ պարզ կդառնա, որ ՌԴ ՊՆ-ն ակնհայտորեն ստել է, նրանցից ոչ մեկը այդ սուտը հերքող ոչ մի բան չի տարածի:
Քարագլուխն էլ, Հին Թաղերն էլ, Հադրութն ու Շուշին էլ, Արցախի 80%-ն էլ սրանք են հանձնել՝ մեր հասարակության բոլոր շերտեր ներթափանցած աննման ու աներևակայելի ստահակների ցանցը:
Ոչ մի թուրքական սադրանք չի եղել: Ռուսները պարզապես վիզ են վերցրել մի բան, որի տակից էս պահին չկարողացան դուրս գալ, ինչն էլ ադրբեջանցիների զայրույթն է առաջացրել: Սակայն բացառված չէ, որ սա էլ կմարսեն, եթե մենք լռենք»: