Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այնքա՜ն գործ ունենք անելու, նստել՝ բանսարկություններ գրելով և դրանք հերքելով ենք զբաղվում:
Հենց նոր ինձ ուղարկեցին «Հրապարակ» օրաթերթի երեկվա համարը, որում հասարակությանը ոչ անհայտ Հայկ Դեմոյանը իմ մասին հերթական ստերն է գրել՝ «2 օր առաջ հայտնաբերեցի, որ ակադեմիայի գիտաշխատողներից մեկը ծայրից ծայր վերցրել է իմ գիրքը, որը տպել եմ 2003-ին, գողացել է իմ մտքերը, աղբյուրները, հղումները, դարձրել է մենագրություն ու հրապարակել հայերեն, անգլերեն լեզուներով։ Ու այդ կինը՝ Հրանուշ Խառատյանը, եղել է իմ գիտական ղեկավարը, ակադեմիան այլանդակող գործարքների և ամբողջ թավշյա խուլիգանության գլխավոր գաղափարախոսը․․․»։
Առաջին անգամ չէ, որ հանդիպում եմ ինքնասիրահարված, իրեն տիեզերքի կենտրոն զգացող պարոն Դեմոյանի՝ այլոց, այդ թվում՝ իմ համեստ անձի, հաշվին ինքնամեծարման զառանցանքներին, բայց որ ես երբևէ եղել եմ նրա «գիտական ղեկավարը», նույնիսկ ինձ համար էր անակնկալ: Նրա դասախոսը եղած լինելով, հնարավոր է, երբևէ ղեկավարել եմ նրա որևէ կուրսային աշխատանք: Բայց հենց նույն տարիներին նրան խորհուրդ եմ տվել՝ ազգագրության ճանապարհով չգնալ, որովհետև իր մարդկային որակները չեն համապատասխանում ազգագրագետի կոդեքսին: Ճիշտ է՝ 2018թ. ինձ գրած նամակներից մեկում նա ակնարկում է այն մասին, որ ես ինչ-որ դեր խաղացել եմ նրա կայացման գործում: 2018-ի ամռանը պարոն Դեմոյանն ինձ գրել է՝ «...ես ինձ հաջողակ մարդ եմ համարում, և դա միմիայն աշխատանքի ու աշխատասիրության արդյունք է… Չզարմանաք, եթե ասեմ, որ դրա կայծը նաև դուք եք տվել, ամենայն ազնվությամբ եմ ասում։ Ես Ձեր քննադատությանն ու Բաբկեն Հարությունյանի մամլիչին եմ պարտական՝ գիտնական դառնալու համար»: Ճիշտ է՝ հենց նույն նամակում գրել է՝ «...բայց իմացեք, խնդրում եմ, որ ես տակավին հավատարիմ եմ ազգագրագետի կոդեքսին ու որևէ խտրականություն չեմ կարող թույլ տալ կամ պիտակավորել, նամանավանդ՝ Ձեր պարագայում... »:
Ակնհայտորեն հիշում է «ազգագրագետի կոդեքսին հավատարմության» մասին մեր խոսակցությունը, բայց, նույնքան ակնհայտորեն, այդ կոդեքսը դարձյալ չի հիշում: Ինչպես երևում է՝ պարոն Դեմոյանը նաև սխալ է ընկալում հայերեն «տակավին» բառի իմաստը: Հավանաբար պետք է գրեր՝ «տակավին հավատարիմ չեմ ազգագրագետի կոդեքսին և կարող եմ պիտակավորել «ում ասեք», նամանավանդ՝ Ձեզ»:
Նկատենք, համենայն դեպս, որ այս և մի շարք այլ փաղաքշական նամակները պարոն Դեմոյանը ինձ գրել է հենց 2018-ի ամռանը, երբ իր ներկայիս կարծիքով՝ ես «թավշյա խուլիգանության գլխավոր գաղափարախոսն» էի, և այդ նամակներում մարդը բողոքում էր, որ «վերջին հինգ տարիներին Բաղրամյան 26-ից ինձ [Դեմոյանին] անընդհատ հիշեցնում էին, որ ես [Դեմոյանը] հանրային մարդ եմ և հանրային սուր հնչեղություն ունեցող հայտարարություններից պետք է զերծ մնամ»: Ես էլ հիմարաբար նրան մխիթարում էի՝ «Չի լինում այնպես, որ Դուք օգտվեք իշխանության հնրարավորություններից, բայց չկիսեք պատասխանատվությունը։ Մենք կոռումպացված երկրում էինք ապրում, և իշխանությունը կոռուպցիայի պատասխանատվությունը բոլորի հետ կիսելու կարիք ուներ։ Նույնիսկ Ցեղասպանության թանգարանը թանգարան դարձնելու համար անհրաժեշտ են իշխանության հնարավորություններ։ Առանց իշխանության՝ հարցեր չեն լուծվում, և վատ իշխանության դեպքում հարցեր լուծելն ավելի շատ զոհողություներ է պահանջում»: Սա իմ գրածն է, բայց գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ Բաղրամյան 26-ում հավանաբար ճիշտ էին հասկացել պարոն Դեմոյանի իրական էությունը, և, ըստ երևույթին «հանրային սուր հնչեղություն ունեցող հայտարարություններից» զերծ պահելու զգուշացումը եղել է նրան բանսարկությունից ետ պահելու փորձ:
Հիմա, ըստ էության, իմ մասին գրածը, այն է թե՝ ես, Հրանուշ Խառատյանս, ծայրից ծայր վերցրել եմ իր գիրքը, որը տպել է 2003-ին, գողացել եմ իր մտքերը, աղբյուրները, հղումները, դարձրել եմ մենագրություն և տպագրել, ծայրից ծայր նույն բանսարկության ժանրից է: Խոսքը վերաբերում է իմ հեղինակած և 2021թ. հրատարակված «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա դերը Ղարաբաղյան կոնֆլիկտում» գրքին, որի վերաբերյալ պարոնը վերջերս՝ մարտի 17-ին, հենց իմ իսկ ֆեյբուքյան էջում գրել է՝ «Այս գիրքը ոտից գլուխ գրագողություն է։ Հ․ Խառատյանը, իրեն բնորոշ ոճով, գողացել է բոլոր այն մտքերն ու աղբյուրները, որոնք ես օգտագործել եմ՝ դեռևս 2003 թ․, Լևոն Մելիք-Շահնազարյանի հետ համահեղինակությամբ լույս տեսած «Խոջալուի գործը. գաղտնի թղթապանակ» վերնագրով գիտական աշխատության մեջ։ Այս անամոթը վերցրել ու արտագրել է բոլոր իմ օգտագործած սկզբնաղբյուրները»: Բայց եթե իմ էջում պարոնը դեռևս հիշատակում է Լևոն Մելիք-Շահնազարյանին՝ որպես հեղինակակից (իրականում՝ դեպքերին մասնակից, ականատես և աշխատանքի բուն հեղինակ), ապա «Հրապարակ» օրաթերթում այն բացառապես պարոն Դեմոյանի աշխատանքն է, որի մասին գրում է՝ «իմ գիրքը, իմ մտքերը, աղբյուրները, հղումները», փաստացի, 44 էջանոց այդ աշխատանքից գողանալով բուն հեղինակի՝ պարոն Մելիք-Շահնազարյանի մասնակցությունը և վաստակը: Ընդ որում՝ Լևոն Մելիք-Շահնազարյանը Խոջալուի մասին գրել է դեռևս 1997թ.՝ իր “Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики”․ Издательство “Наири”, Ереван, 1997г.” գրքում, և այդ գրքի նյութերը զգալի չափով կրկնվում են Հայկ Դեմոյանի հեղինակակցությամբ հրատարակված «Խոջալուի գործը. գաղտնի թղթապանակ» աշխատանքում:
Սա, սակայն, թողնեմ պարոն Դեմոյանի բարոյականությանը: Կրկին՝ ըստ էության: «Խոջալուի գործը. գաղտնի թղթապանակ» աշխատանքի բոլոր աղբյուրները բաց և հանրահայտ են: Դրանց առյուծի բաժինը լրագրային տեղեկություններ և հոդվածներ են, որոնք հարյուրավոր անգամներ հղվել են Խոջալուի մասին գրած հարյուրավոր տարալեզու հոդվածագիրների և վերլուծաբանների կողմից: Ոչ մեկը, բացի դրանք առաջին անգամ հրատարակած հեղինակից կամ լրատվամիջոցից, դրանք չի կարող անվանել «իմ աղբյուր», բացի, հավանաբար, «աղբյուր» բառի նկատմամբ սեփականատիրական հակումներ ունեցող պարոն Դեմոյանից: «Խոջալուի գործը. գաղտնի թղթապանակ» աշխատանքի նյութերի մյուս աղբյուրը «Խոջալուի դեպքերին» մասնակից, հիշյալ աշխատանքի առաջին համահեղինակ պարոն Մելիք Շահնազարյանի անձնական հիշողությունները և դիտարկումներն են, մի մարդու, ում անունը «Հրապարակ» օրաթերթում մոռացվել է և փոխարինվել պարոն Դեմոյանի կողմից հաստատուն վավերացված «իմ գիրքը, իմ մտքերը, աղբյուրները, հղումները»: Սա հենց այն է, ինչ բնութագրում է պարոն Դեմոյանին՝ «տակավին հավատարիմ չի ազգագրագետի կոդեքսին», բայց, պարոն Դեմոյանի կողմից «տակավին» բառի մասնավոր տարընթերցումները հաշվի առնելով, ճիշտ կլինի գրել՝ «երբեք» բառը:
Վերջապես, ինչ վերաբերում է իմ հեղինակած «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա դերը Ղարաբաղյան կոնֆլիկտում» 200 էջանոց գրքին, ապա ցանկացած ընթերցող անմիջապես կնկատի, որ այդ գրքում և Մելիք-Շահնազարյան-Դեմոյան հեղինակների «Խոջալուի գործը. գաղտնի թղթապանակ» աշխատանքում բոլորովին տարբեր հարցադրումներ են, այդ հարցադրումների՝ բոլորովին այլ լուծումներ են և, մնացած ամեն ինչից զատ, բոլորովին տարբեր աղբյուրներ են՝ դեպքերին մասնակիցների հետ խորացված հարցազրույցներից քաղված նյութեր, Ստեփանակերտի արխիվում պահվող փաստաթղթեր, Ադրբեջանի պաշտոնական փաստաթղթեր, «Խոջալուի դեպքերին» մասնակից ադրբեջանցիների և նրանց Ժողովրդական ճակատի Աղդամի ներկայացուցիչների մասին ադրբեջանական տեղեկությունների քննական վերլուծություններ, ադրբեջանցիների «բանավոր պատմությունների» քննական վերլուծություն, Խոջալուն «ցեղասպանություն» անվանող ադրբեջանցի և այլալեզու հեղինակների վարկածների և հաստատումների քննական վերլուծություն ևն: Հարցազրույցները վարել են ութ ազգագրագետ և պատմաբան, մենք միասին ենք եղել «դաշտում», նրանց բոլորի գրանցած նյութերը գրքում պատշաճ հղված են, և, դեռ մինչև գրքի հրատարակությունը, գրքի շարադրանքը նրանց հետ մանրամասն քննարկվել է:
Իսկապես, այստեղ են ասել՝ «чья бы корова мычала»:
Հիրավի, իրավական պետություն լինելու դեպքում սույն պարոնի բանսարկությունների, բամբասանքների, ստերի, հորիվածքների, բայց հատկապես՝ զրպարտանքների ժայթքող, գնալով հորդացող հեղեղը բոլորովին այլ կերպ կկասեցվեր՝ իրավական լուծումով»: