Տեսակետ

Ռուբլիով գազի գնումը. Էկոնոմիկայի նախարարի մտահոգիչ հայտարարությունը

ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երեկ պարոն Պուտինը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ այսուհետ ռուսական գազը անբարյացակամ երկրներին վաճառվելու է բացառապես ռուսական ռուբլով, իսկ այսօր մեր կառավարության ներկայացուցիչը հայտնում է, որ բանակցություններ են տարվում, որպեսզի Հայաստանը ռուսական գազը գնի ռուբլով։ 
Ոչինչ որ մենք ինքներս ենք ընդունում այն, որ ՌԴ-ի համար մենք անբարյացակամ երկիր ենք, դա դեռ խնդրի չնչին մասին է։ Առավել մտահոգիչ է էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, որ ռուբլով գազի գնումը ՀՀ համար կբացի նոր տնտեսական հնարավորություններ։ Պարոն նախարարի այս հայտարարությունը վկայում է այն մասին որ ոչ ինքը, ոչ էլ կառավարությունը չեն գիտակցում՝ ինչ է կատարվում ՌԴ տնտեսության հետ։ Պարզ բացատրությունը նրանում է, որ ՌԴ-ն սարսափելի տեմպերով դուրս է մնում համաշխարհային տնտեսությունից, ռուբլին շուտով համաշխարհային արժույթի շուկայում կհավասարվի սուդանական ֆունտի մակարդակին։ Այս քայլով Պուտինը փորձում է ինչ-որ չափով պահպանել ռուբլին, սակայն դա հուսահատ և անիմաստ քայլ է։ Մենք փոխանակ արագ տեմպերով դիվերսիֆիկացնեինք մեր տնտեսությունը, բարձրացնենք նրա մրցունակությունը, ինտեգրվեինք համաշխարհային (ասել է թե՝ եվրոպական, մերձավորարևելյան, պարսկական) տնտեսություններին, մեծ ուրախությամբ է՛լ ավելի ենք ուզում խրվել ռուսական տնտեսության ճահիճը, որը շուտով կդադարի առհասարակ գոյություն ունենալ։ Շատ լավ է, բերեք հարկային, մաքսային դաշտն էլ ինտեգրենք, կարելի է, նույնիսկ, դատական համակարգն էլ ինտեգրել. դա ավելի կհեշտացնի ՀՀ տնտեսվարողների վիճակը։ Հետո ի՞նչ ենք անելու, մեր տասը միլիարդ դոլար արտաքին պարտքը ռուբլո՞վ եք ուզում սպասարկել։ Իսկ եթե լուրջ, էկոնոմիկայի նախարարին ուղարկեք տուն, թող իրա բիզնեսով զբաղվի։ Մենա, խնդրում եմ, չսկսենք բացատրել, թե ՌԴ շուկան մեր տնտեսվարողների միակ իրացման շուկան է։ Այդ տրամաբանությամբ՝ աշխարհի երկրները բացառապես պետք է հարևանների հետ առևտուր անեին։ 
Շուկան համաշխարհային դարձնելու համար ընդամենը ճիշտ և համակարգված աշխատանք է պահանջվում ՀՀ կառավարության կողմից»։