Տեսակետ

Օրակարգում են արցախյան հակամարտության նոր դրսևորումները

«ԼՀԿ» նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Այս միջոցառմանը զուգահեռ՝ Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որտեղ ներկա եմ նաև ես։

Բնականաբար, բոլորի մտահոգությունն ու առաջնային քննարկման առարկան ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ մեր պարագայում, բացի նշված պատերազմը, օրակարգում են արցախյան հակամարտության նոր դրսևորումները՝ Ադրբեջանի կողմից, գազային տեռորի միջոցով, Արցախում էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունը, ինչի ուղիղ հետևանքն է Արցախում արդեն մի քանի օր շարունակվող հումանիտար աղետը, Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողություններն՝ ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է այն իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և, առավել ևս, չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները։

Նշված հանգամանքները քննարկելու նպատակով մի շարք հանդիպումներ եմ ունենալու ինչպես Եվրախորհրդարանի «Renew Europe» խմբի առաջնորդների, այնպես էլ՝ «ALDE» դաշինքի, ԵՄ երկրների կուսակցությունների առաջնորդների և կարծիք ձևավորող այլ ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ»։