«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ասում են` ամեն ինչ համեմատության մեջ է պարզ դառնում, չէ՞... Մի քանի թիվ տամ, համեմատեք:
Ուրեմն, 1997 թվին՝ Ելցինի իշխանության նախավերջին տարվա ժամանակ, ասել է թե` ծնկած Ռուսաստանի ժամանակ, ՌԴ ՀՆԱ-ն եղել է 400 միլիարդ դոլար, մինչդեռ աշխարհի ՀՆԱ-ն՝ 31,5 տրիլիոն դոլար: Այսինքն, ՌԴ տնտեսությունը կազմել է աշխարհի տնտեսության 1,3%-ը:
Իշխանությունը փոխվեց, Ռուսաստանը սրնթաց զարգացավ, ամին ինչ աճեց ու տասնապատկվեց: ՀՆԱ-ն նույնպես աճեց և քառապատկվեց, ու 2021 թվին, ռուբլի/դոլար միջին կուրսը եթե վերցնենք 73, ՀՆԱ-ն կազմեց 1,65 տրիլիոն դոլար, իսկ եթե էսօրվա կուրսը վերցնենք, ապա՝ մոտ 1,2 տրիլիոն, ինչն աշխարհի 95 տրիլիոնանոց ՀՆԱ-ի 1,3%-ն է: Ստացվում է՝ 25 տարում Ռուսաստանը աշխարհի համեմատ որևէ փոփոխության չի ենթարկվել:
Սրանք, իհարկե, մակրո ցուցանիշներ են, որոնք, գուցե, ոչ այդքան պատկերավոր են ներկայացնում մարդկանց իրական կենսակերպը: Դա համեմատելու համար՝ եկեք վերցնենք միջին ռուսական կենսակերպն ու համեմատենք միջին գերմանականի հետ, որտեղ հիմա, իբր թե, շատ սուր էներգետիկ ճգնաժամ է:
Եվ այսպես, Գերմանիայում մեկ լիտր բենզինն արժե 2 Եվրո, իսկ ՌԴ-ում՝ մոտ 50 ռուբլի (ինչը գրեթե 0,4 եվրո է): Եթե միջին գերմանացին ու միջին ռուսաստանցին օրական 5 լիտր բենզին ծախսեն, ապա տարեկան գերմանացին կծախսի 3,650 եվրո, իսկ ռուսաստանցին՝ 91,250 ռուբլի (այսինքն՝ մոտ 700 եվրո): Սակայն այդ 3,650 եվրոն գերմանացու միջին աշխատավարձի 8,5%-ն է, իսկ միջին ռուսաստանցու աշխատավարձի՝ 13,4%-ը: Սա բնական է, քանի որ միջին գերմանացին աշխատում է տարեկան 43,000 եվրո, իսկ միջին ռուսաստանցին՝ 680,000 ռուբլի (այսինքն՝ մոտ 6,400 եվրո): Այսինքն, որպեսզի միջին գերմանացին ու ռուսաստանցին նույնքան վճարեն իրենց սպառած բենզինի համար, Գերմանիայում բենզինը պիտի մոտ 200% թանկանա, կամ, կոպիտ ասած, նավթի մեկ բարելի գինը պիտի դառնա մի $250:
Նավթը, տեսականորեն, կարող է այդքան արժենալ, բայց միայն, եթե ռուսական նավթը ընկնի տոտալ էմբարգոյի տակ, որի արդյունքում ռուսական բյուջեն կկորցնի իր եկամուտների զգալի մասն, ու միջին ռուսաստանցին նորից էականորեն հետ կմնա իր գերմանացի «հակառակորդից»: Էլ չասեմ, որ էստեղ խոսքը միջին եկամուտների մասին է, մինչդեռ կապիտալի վերաբաշխումը Ռուսաստանում և Գերմանիայում անհամեմատելի են: Փաստացի, միջին ռուսաստանցու եկամուտը շատ ավելի ցածր է, քան՝ վիճակագրությամբ ֆիքսվածը:
Այ էսպես էլ ստացվում է, որ թռիչքաձև աճում են, բայց, արդեն 25 տարի շարունակ, ոչ մի ձև չեն կարողանում գերազանցել 97 թվի ցուցանիշները, քանի որ չի բարձրանում տնտեսության արտադրության ավելացված արժեքը, աճում է միայն քանակը, տվյալ դեպքում՝ գազի ու նավթի արտահանման քանակը: Ընդ որում, կանխատեսվում է, որ ՌԴ ՀՆԱ-ն էս տարի կկրճատվի 8%-ով»։