Տեսակետ

Մենք վերջնականորեն պետք է լքենք խորհրդային ռազմական մոտեցումները

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Ռուսաստանի վիճակը Ուկրաինայում ուղղակի խղճուկ է: Արդեն մեկ ամիս է՝ պատերազմ է գնում: Այսօրվա դրությամբ, ըստ ամերիկյան հետախուզության, ռուսական բանակը ունի 7-10 հզ․ զոհ: Ընդհանուր ռուսական կորուստները գնահատվում են մոտ 40 հզ․ (զոհված, վիրավոր, գերի, դասալիք, անհետ կորած), այսինքն՝ հարձակվող ուժի 20%-ը: Ու զարմանալի չի, որ ուկրաինացիները անցել են հակահարձակման` Կիևից ռուսներին ետ են քշել մոտ 55 կմ: Իսկ ռուսները սկսել են կառուցել պաշտպանողական կառույցներ: Այո, ճիշտ կարդացիք:  Ռուսները, որոնց համար մեր որոշ «տաղանդավոր» քաղաքագետներ մեկ ամիս առաջ կանխատեսում էին հեշտ հաղթանակ, հիմա պաշտպանության են անցել: Ահա այդքան վատ է գործը:

Սա շատ բաներ է ասում մեր ռազմական դոկտրինի և քաղաքական կեցվածքի մասին: 1994 թվից մենք որդեգրել ենք խորհրդային ռազմական դոկտրինը՝ որպես մեր բանակաշինության հիմք: Ինչո՞վ էինք մենք վստահ, որ դա ճիշտ քայլ էր:  Քանի՞ պատերազմ էր հաղթել ԽՍՀՄ-ը՝ 1945 թվից, ու քանի՞ պատերազմ էր պարտվել: Արդյո՞ք պարզ չէր որ խորհրդային ռազմական դոկտրինը աշխատելու հույս ունի միայն և միայն մեծ թվային գերակշռության դեպքում (օրինակ՝ ՆԱՏՕ-ի ուժերի դեմ՝ Գերմանիայում): 

Այսօր մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը, չնայած իր մոդեռնիզացմանն ու հրաշալի ֆինանսավորմանը, չի կարողանում հաղթահարել իրենից 3 անգամ փոքր ուժի: Ի՞նչ հետևություններ կարելի էր անել մեզ համար, մեզ, որ գործ ունեինք 3 անգամ ավելի մեծ ուժի հետ:

Ինչու՞ մենք որդեգրեցինք խորհրդային ռազմական դոկտրինը: Պատճառները մի քանիսն են: Որովհետև 1994 թվից հետո մեր հրամանատարության հիմնական մասը կամ անցել էր խորհրդային դպրոցը, կամ էլ գործուղվում էր Ռուսաստանի ռազմական ակադեմիաներ՝ վերապատրաստման: Մեր քաղաքացիական իշխանությունները, 1994 թվի հաջողություններով խրախուսված, զինվորականներին սկսեցին վերաբերվել որպես սուրբ կով և նրանց տվեցին բացարձակ ազատություն՝ իրենց որոշումներում, ինչը մեծ սխալ էր: Ու դա ընդամենը ամենօրյա կյանքի արտացոլումն էր։ Ընդհանուր հասարակությունում ցնակացած քննադատություն կամ էլ թափանցիկության պահանջ միանգամից ընդունվում էր թշնամությամբ: Սա, վերջիվերջո, բերեց նրան, որ ռեֆորմի ու բարելավման բոլոր փորձերը տապալվեցին, ու բանակը գնաց սովետական ճանապարհով:  

Եթե ինչ-որ բան կարելի է հասկանալ այս վերջին իրադարձություններից, դա այն է, որ մենք վերջնականորեն պետք է լքենք խորհրդային ռազմական մոտեցումները: Թե ինչպես դա անել, չգիտեմ: Բայց մի բան հաստատ է. հաշվի առնելով, թե որքան արագ է Ադրբեջանը անցնում նատօական մոդելին, ու որքան էֆեկտիվ է այդ մոդելը, այս պահանջը ունի ծայրահեղ հրատապություն:  Ամենաքիչը՝ մենք պետք է լքենք այս «դե իրենք զինվորական են, իրենք ամեն ինչ գիտեն» մոտեցումը ու պահանջենք իրական թափանցիկություն մեր զինված ուժերից»: