Տեսակետ

Տեղական արտադրողների ճնշող մեծամասնությունը հայերեն չի մակնշում

Լրագրող Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Պատկերացրեք՝ Վրաստանում, օրինակ, կոնյակ արտադրեն, ու պիտակի վրա անունը գրված լիներ միայն անգլերեն ու հայերեն. ոչ մի տառ՝ արտադրող երկրի պետական լեզվով։ Մինչդեռ, դարձերեսի գրվածքից հասկանում ենք, որ սա հայաստանյան արտադրություն է։ 

Օրինակը սրա վրա եմ բերում, բայց մեր ապրանքային շուկայում համատարած նույն վիճակն է՝ տեղական արտադրողների ճնշող մեծամասնությունը հայերեն չի մակնշում կամ պատշաճ ձևով չի մակնշում ապրանքը։ 

Չեմ կարծում, որ սա մանրուք է, սա պետական, ազգային ինքնության հարցերի նկատմամբ վերաբերմունքի վառ ցուցիչ է։ 
Սիսակ Գաբրիելյան
Հարգելի պարոնայք և պատասխանատու գերատեսչություններ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը խնդրի վրա։ Մանավանդ՝ հիմա, երբ միգրացիոն հոսքերը ակտիվացել են, պետական լեզվի կիրառության կանոնների նկատմամբ ավելի հոգատար պետք է լինել։

Շեշտում եմ՝ խնդիրը բացառապես պետությանն է։ Արտադրողն իր ապրանքը պիտակում է այնպես, ինչպես մարկետինգի ու այլ հարցերում իր պատկերացումներն են թելադրում։ Պետք է ապահովել համապատասխան օրենսդրական դաշտ ու հետևել կիրառությանը»։